News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նախընտրական միջադեպերը շարունակվում են: Վանաձորում վնասել են «Ելք» դաշինքի գովազդային պաստառները. դրանք սեւ ներկով են ներկել, մի քանիսն էլ՝ պոկել:

Քրիստ Մարուքյանը կասկածներ ունի, թե ով կարող էր դա կազմակերպել: Վանաձորի քաղաքապետը, սակայն, հերքում է միջադեպի հանրապետականների մասնակցությունը: Մամիկոն Ասլանյանը վստահ է, որ պաստառները փչացնողները քաղաքական հոտառություն ու կողմնորոշում չունեցող մարդիկ են: Մինչ այդ, դաշինքի ներկայացուցիչներն այսօր շրջել են Երեւան վարչական շրջաններում եւ նորից «Ելք»-ի միջոցով ելք առաջարկել ժողովրդին:

Իսկ Տավուշում գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները գոհ են նախընտրական հանդիպումներից, չնայած կարծում են, որ ժողովրդին ճնշում են եւ թույլ չեն տալիս մասնակցել իրենց հավաքներին:

Լրագրողներին կրկին հետաքրքրել է Սեյրան Օհանյանի ունեցվածքը: Լուրեր են պտտվում, որ պաշտպանության նախարար աշխատած տարիներին նա Սեւանում սեփական տուն է կառուցել, իսկ Ֆրանսիայում՝ հիվանդանոց ձեռք բերել:

Տավուշում է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Նախընտրական հանդիպումները սահմանամերձ մարզից է սկսել, քանի որ վստահ է. պետության զարգացումը կախված է երկրի անվտանգությունից: Ծառուկյանը ո՛չ փողի, ո՛չ պաշտոնի կարիք չունի, բայց չի ուզում ձեռքերը ծալած նստել, ուզում է օգուտ տալ ժողովրդին:

Բերդավանում հանդիպման ժամանակ գյուղացիներից մեկը հիշել է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն պարտք է: Ծառուկյանն առաջարկել է անմիջապես վճարել խաղողի դիմաց պարտքը, իսկ լրագրողներին հորդորել է դա որպես ընտրակաշառք չընկալել։ Բերդավանցին, սակայն, բարեհոգի է գտնվել. հարցը հաջորդ մթերման ժամանակ կլուծեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդի հրավերով պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել: Փարիզում նա կհանդիպի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, նախատեսված են նաեւ այդ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ: Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարական մեծ պատվիրակությամբ Ղրղզստանում է: Բիշքեկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում ունեցած ելույթում Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցերի լուծման առումով սա ճիշտ հարթակ է, բայց այն լիարժեք չի օգտագործվում:

Բիշքեկում Կարապետյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Գործընկերները քննարկել են հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտուն, հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող այլ հարցեր:

Դոնալդ Թրամփը մահմեդական բնակչությամբ երկրների դեմ հերթական հրամանագիրն է ստորագրել: Այս անգամ ԱՄՆ այցելելու հնարավորությունից զրկվել են վեց երկրների՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիները: Այս պետություններից մի քանիսն ընդգրկված էին նաեւ միգրացիոն քաղաքականության շուրջ Թրամփի նախորդ հրամանագրում, որը, սակայն, երկրի դաշնային դատարանն արգելափակել էր: Նոր հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ից: Դրանում, ի դեպ, ոչ մի խոսք չկա սիրիացի փախստականների ընդունման ամբողջական արգելքի մասին:

«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը, վերակենդանացման բաժանմունքից ընդհանուր հիվանդասենյակ է տեղափոխվել, բայց շտապում է դուրս գրվել հիվանդանոցից: 25 օր տեւած հացադուլից հետո Սարգսյանը համեմատաբար կազդուրվել է, արդեն նորմալ սնվում է, բայց, բժիշկների պնդմամբ, դեռ հսկողության կարիք ունի: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը երեկ վերացրել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, եւ նրան քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել:

Արմավիրի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Մուսալեռ գյուղի տներից մեկը փլուզվել է: Դեպքի վայր ժամանած փրկարարները փլատակների տակից դուրս են բերել տարեց տանտիրուհու՝ 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին: Փրկարարական գործողության ընթացքում նոր փլուզման վտանգ է եղել: Պատահարի պատճառները պարզվում են:

Իսկ Սարալանջի ճանապարհին շղթայական ավտովթարի հետեւանքով վիրավոր կա: Իրար է բախվել հինգ ավտոմեքենա, որոնցից 2-ը՝ տաքսի ծառայության մեքենաներ: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:

Եվս մեկ խոշոր վթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին իրար են բախվել «Նիվա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաները: 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Տուժածներից մեկի վիճակը ծանր է:

Մարտի 7-ին դոլարն ու եվրոն էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 514, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, ֆունտինը՝ 593 դրամ:

Մարտի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0+2, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ