Երեւանում մարտի 7-ին, նախնական տվյալներով, շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանին խաբեությամբ ունեզրկել են, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտեց նրա փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, 2016 թվականի սեպտեմբերին Վարդուհի Սարոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ քրոջ ամուսինը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, եւ նրա ընկերը՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը (Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին է-խմբ), ընդհանուր բիզնես գործունեություն ծավալելու եւ հասույթ ստանալու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով, առանց իր համաձայնության եւ գիտության, գրավադրել են իրեն պատկանող՝ Բաղրամյան պողոտայում գտնվող տարածքը, ինչի հետեւանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Գրավադրման նպատակը եղել է գումարը ներդնել բիզնեսի մեջ, որից ստացված եկամտից մի մասը պետք է գնար վարկի մարմանը, սակայն այդ ընթացքում կինը բացակայել է Հայաստանից եւ վարկի մարում չի կատարվել:

Ավելի ուշ Սարոյանը ստիպված է եղել բանկում գրավադնել նաեւ իրեն պատկանող` Երեւանի Հ. Քոչար թիվ 25 շենքի 25 բնակարանը եւ կորցրել էր իր վերջին կացարանը:

Վարդուհի Սարոյանի հարեւաններն էլ նշեցին, որ 41-ամյա կինը իր բնակարանը վարձով էր տվել եւ արդեն երկար ժամանակ բնակվում ր Պտղնիում՝ իր հոր կառուցած առանձնատանը:

Հարեւանների խոսքով, ինքնասպանություն գործած կինն ամուսնացած չէր, ապրում էր մենակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական: