Հաշվապահությունը չպետք է դրվի բելառուսա-ռուսական հարաբերությունների հիմքում: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի հրատապ խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Խորհրդակցության սկզբում նախագահը պահանջել է զեկուցել Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ հատկապես հաշվի առնելով վերջերս Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության շրջանակում կայացած միջկառավարական նիստը:

«Իհարկե, ընդհանուր առմամբ ծանոթ եմ: Ինձ ամենից շատ զարմացրին իմ անուղղելի ընկեր Մեդվեդեւի հայտարարությունները: Մեզ, ի դեպ, արդեն սկսում են վախեցնել, որ մենք բնական գազը պետք է գնենք եվրոպական գներով, որ պետք է վճարեք ոչ թե 150 դոլար, այլ 200: Գիտեք, դա բոլորին ուղղված ակնարկի է նման՝ Ռուսաստանում եւ առաջին հերթին Բելառուսում, որ մենք Ռուսաստանի հացկատակներն ենք. եւ ահա, պատկերացնում եք, մեզ ինչ-որ նվեր են անում: Ես նույնպես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց Մեդվեդեւը պետք է հասկանա, որ եթե մենք վճարենք, ինչպես Եվրոպայում են վճարում, ապա ինքը նույնպես ինչ-որ բանի համար ստիպված կլինի վճարել: Եվ գինը կլինի չտեսնված ավելի բարձր, քան բնական գազի գինը: Ինձ թվում էր, եւ մինչեւ հիմա մտածում եմ, եւ հավանաբար ռուսերից մեծ մասն էլ է մտածում ու հասկանում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաշվապահություն չէ: Հաշվապահությունը եւ բնական գազի գինը, որը Մեդվեդեւին չի պատկանում, չպետք է դրվի մեր հարաբերությունների հիմքում: Եթե այնտեղի խելացիներից որեւէ մեկը մտածում է, որ մեզ կարելի է մշտապես խոնարհել եւ ծնկի բերել, դա չի լինի»,- ընդգծել է Բելառուսի նախագահը: