News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի ընթացքում օրենքի խախտման մասին առաջին հայտարարությունն է արել. դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանն օրենք է խախտում:

Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանը, սակայն, Ծառուկյանը շարունակել է խոստումներ շռայլել: Քաղաքացիներից մեկը դպրոցի համար անհրաժեշտ գույք է խնդրել. Գագիկ Ծառուկյանը խոստացել է ապրիլի 2-ից հետո բոլոր սարքավորումները տրամադրել: Մարզի գյուղերից մեկի բնակիչն էլ բողոքել է գյուղտեխնիկայի պակասից: Այս խնդրանքն էլ կկատարվի, բայց՝ դարձյալ ապրիլի 2-ից հետո:

Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, յուրովի է հասկացել Տիգրան Մուկուչյանին, եւ որոշել է մինչեւ ապրիլի 2-ը խոստանալ, իսկ դրանից հետո՝ արդեն օգնել: Ծառուկյանի մամուլի խոսնակն ասում է՝ իրենք կհետեւեն ԿԸՀ-ի հայտարարությանը, բայց, վստահեցրել է, նման դեպքերն ընտրությունների հետ կապ չունեն, Գագիկ Ծառուկյանին օգնության խնդրանքով քաղաքացիները դիմում են ցանկացած հանդիպման ժամանակ: Ի դեպ՝ մինչ բեմահարթակ բարձրանալը Գագիկ Ծառուկյանը որոշել է բազկամարտի բռնվել հավաքված տղամարդկանց հետ. հաղթել է:

Մարզեր մեկնած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզիչների շարքերում այս օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին չեն տեսել: Արմեն Մարտիրոսյանն այսօր ասել է, որ նա ցանկացած պահի կարող է միանալ քարոզարշավին: Իսկ հիմա Միացյալ Նահանգներում է. կարեւոր գործնական հանդիպումներ ունի:

Նախընտրական քարոզչության շրջանակում «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն էլ այսօր Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա ընտրական տարածքում էին, ավելի ճիշտ՝ Մալաթիա տոնավաճառում: Նիկոլ Փաշինյանին այստեղ անակնկալ էր սպասում. աշխատողներից մեկը հայտնել է, որ համակրում է Փաշինյանին, հարգում նրա գործունեությունը, ավելին, ուզում է, որ իր հարսանիքի քավորը դառնա: Փաշինյանը չի մերժել: Մի քաղաքացի էլ Փաշինյանից փող է ուզել՝ ընտրություններին «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու համար: Փաշինյանը զայրացել է:

Այսօր մայրաքաղաքում է քարոզել նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը: Կոնդ թաղամասում քարոզչության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մի կին ընդհատել է Լեւոն Զուրաբյանի ելույթն ու պահանջել հեռանալ տարածքից: Զուրաբյանն անտեսել է պահանջը, իսկ բնակիչները հետո լրագրողներին ասել են, որ կինն այս թաղամասում Հանրապետականի ներկայացուցիչն է:

Ակտիվ նախընտրական շրջանում ակտիվացել է նաեւ «ՀՀԿ-ի տատիկը»: Կառավարության շենքի առջեւ 11 տարի առաջ կորցրած իրենց բնակարանները պահանջող ցուցարար կանանց վրա բարկացել է, թե՝ մի չարաշահեք իշխանության բարությունը:

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ խաղաղ եւ ապահով ապագա կառուցելու համար հարկավոր է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ: Ֆրանսիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված պաշտոնական ճաշի ժամանակ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անցյալ տարվա ապրիլյան բախումներն ապացուցում են, որ ոչինչ այդքան վատ չէ, որքան ստատուս քվոն:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է. Հայաստանի նպատակը միայն խաղաղությունն է: Ֆրանսիայի մայրաքաղաքում հագեցած օրակարգով երկօրյա հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանը Լիոն է մեկնել: Ժերար Կոլոնի հետ հանդիպման ավարտին նախագահը քաղաքապետին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լուկաշենկոն ընդդեմ Մեդվեդեւի: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ անհնար է իրենց խոնարհել ու ծնկի բերել, եւ հավելել, որ Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններում չպետք է հաշվապահություն լինի: Ալեքսանդր Լուկաշենկոն զարմանք է հայտնել, որ իրենց վախեցնում են, թե «ռուսական գազը եվրոպական արժեքով պետք է գնեն»: Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ եթե որոշ երկրներ ԵՏՄ-ին չմիանային, ռուսական գազը եվրոպական գներով կգնեին: Ի պատասխան՝ Լուկաշենկոն նաեւ անթաքույց սպառնալիք է հնչեցրել. եթե իրենք ավելին վճարեն, Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի վճարել ինչ-որ բանի համար, եւ «այդ գինը շատ ավելի բարձր կլինի, քան բնական գազինը»:

Մարտի 9-ին դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա, ֆունտինը՝ 591 դրամ:

Մարտի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Զրոյից ցածր ջերմաստիճանը նահանջել է. գիշերը մայրաքաղաքում կդիտվի +1+3, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ