News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մարտի 13-ին, կկայանա ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի թվով տասներեքերորդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին կներկայացնի արգենտինական դաշնամուրային երաժշտություն:

Համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո: Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում կհնչեցնի Արգենտինայի 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Ալբերտո Հինասթերայի, Կարլոս Գուաստավինոյի, Խուան Խոսե Կաստրոյի, Արիել Ռամիրեսի, ինչպես նաեւ ժամանակակիցներ՝  Սիլվինա Միլշտեյնի, Ալեսսանդրո Սիվիլոտիի ստեղծագործությունները:

«1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի եւ ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում: Նախագծի շրջանակներում այս համերգը թվով տասներեքերորսն է եւ այս անգամ պատիվ ունենք ներկայացնելու հայ ունկնդրին արգենտինական  երաժշտությունը, որտեղ Դաշնակահարը կներկայացնի մի շարք համաշխարհային պրեմիերաներ: Այդ առիթով խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Արգենտինայի դեսպան` պարոն Գոնսալո Ուրիոլաբեիտիային՝ միջոցառման իրագործման մեջ բացառիկ նրբանկատություն եւ ճշգրիտ պատրաստակամություն ցուցաբերելու համար:»,- նշում է Դաշնակահարի մենեջեր, 1900+ նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. հոկտեմբերին եւ մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների, իտալական, բրազիլական, հունական, չեխական եւ ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները եւ դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նախագծի շրջանակներում 2011թ. իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ եւ լավագույն ընտրված ստեղծագործությունները 2013թ. թողարկվել են 1900+ նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ, ինչպես նաեւ հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: 2016թ. նախագծի շրջանակներում թողարկվել է ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Տաթեւ Ամիրյանի ստեղծագործությունների «Ortus» ձայնասկավառակը : Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:

Համերգը տեղի կունենա ս.թ. մարտի 13-ին, ժ.` 19 :00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ