Ջրառատում ինքնաձիգից կրակած անձին բերման են ենթարկել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ նշեցին, որ այժմ ոստիկանության Վաղարշապատի բաժնում է ինքնաձիգից կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձը՝ 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը: Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ եւ այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար։
Նշենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկն անչափահաս է: «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը նշել էր, որ Ջրառատից իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի՝ տեղափոխվածներից 17-ամյա Արայիկ Մելքոնյանի մոտ առկա է ծղիկոսկրի կոտրվածք, 26-ամյա Հակոբ Մելքոնյանի մոտ՝ ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք, ձախ քունքային շրջանի պատռված վերք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանի մոտ՝ ձախ եւ աջ նստատեղերի կտրած-ծակած վերք:
Ըստ նախնական տեղեկությունների՝Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։
Միջադեպի հետեւանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։



























