News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի թեկնածուներից Ստեփան Մարգարյանը Ջրառատում այսօր տեղի ունեցած դեպքը համարում է մարտի 12-ի դեպքերի շարունակությունը: Այսօր` լրագրողների հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց տեղի ունեցածի վերաբերյալ: Նրա խոսքով,  ծեծկռտուքի հետեւանքով տուժածներից 17-ամյա Արայիկ Մելքոնյանը դպրոցից դուրս է եկել եւ  գյուղապետարանի մոտ մի ամբողջ բանակ է հարձակվել  նրա վրա: Ստեփան Մարգարյանի խոսքով` տղան զանգել է հարազատներին եւ տեղեկացրել, որ հարձակվել են իր վրա, որից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը:

«Լոմով կոտրել են անչափահասի ձեռքը,  դանակով հարվածներ են հասցրել նրան օգնության հասնողներին, իսկ մյուսն էլ հրազենային վիրավորում է ստացել, նրան կրակողն էլ դուրս է եկել գյուղապետարանից հրազենով»,-ասաց նա:

Ստեփան Մարգարյանը Ջրառատում տեղի ունեցած միջադեպը որակեց որպես նախընտրական բանդիտիզմ:

« Դա պրոցես է, սարսափի մթնոլորտ տարածելու համար: Ես ասեմ, որ մենք մեր ճանապարհով գնալու ենք, մեր նախընտրական հանդիպումները շարունակելու ենք: Ինձ մոտ հռետորական հարց է առաջանում, թե ինչու այս միջադեպերի մեջ հանրապետական կուսակցության մատն է խառնված»,-ասաց նա:

Ստեփան Մարգարյանի խոսքով, եթե մարտի 12-ին նույն գյուղում տեղի ունեցած միջադեպը հրահրողները պատժվեին, ապա այսօր այդ միջադեպը չէր լինի:

«Պարզվում է, որ անցած անգամ բացի ատրճանակից, ավտոմատից նույնպես կրակոց է եղել, եւ եթե դրա դեմը չեն առել ու հետեւություն չեն արել, նույնը կրկնվել է եւ այսօր: Ոստիկանության տարածած հաղորդագությունը, թե վերահսկելի է իրավիճակը, այդպես չէ եւ այս միջադեպը այսօրվա իշխանությունների` կատարվածի մասին  հետեւություն չանելու հետեւանք է»,-ասաց նա:

Ստեփան Մարգարյանի խոսքով` Ջրառատում այսօր տեղի ունեցած միջադեպը հրահրողներից է եղել Լեւոն եւ Լեռնիկ Երանոսյանների ազգականը:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի մյուս թեկնածուներից Էլինար Վարդանյանի խոսքով էլ միջադեպի ժամանակ Ջրառատի գյուղապետը գյուղապետարանում է եղել եւ մյուսների հետ միասին դուրս է եկել եւ մասնակցել ծեծկռտուքին:

«Սա ամենաթողության հետեւանք է, 2 օր առաջ տեղի ունեցածին տրվեց միակողմանի գնահատական: Այստեղից հասկանում ենք, որ նրանց ամեն ինչ կարելի է: Կարելի է գյուղապետարանում զենքով դարանակալել եւ զենքով հարձակվել մարդկանց վրա: Ավելին՝ այս ամենը եղել է ոստիկանության ներկայությամբ եւ միայն կրակոցից հետո են փորձել զենքը խլել»,-ասաց նա:

Տուժածներ Արայիկ, Հակոբ եւ Մելիք Մելքոնյանների շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօրվա կատարվածը նույնպես որակեց մարտի 12-ին տեղի ունեցած դեպքերի շարունակություն:

«Հայտարարություն տարածեց ոստիկանությունը, երեւի թե հենց այդ հատյարարության արդյունքում էլ տեղի ունեցավ շարունակությունը, այսինքն՝ նույն այդ Երանոսյանը` իր ազգակիցների հետ միասին ոգեւորություն ապրեցին, շարունակություն սկսվեց տեղի ունենալ, որի արդյունքում էլ նրանք այսօր համարձակություն ունեցան այս անչափահաս երեխայի նկատմամբ ոտնձգել, հայհոյել, որի արդյունքում էլ տղաներից մեկը գնաց պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, եւ ըստ գյուղում տարածված խոսակցությունների`  վնասվածքներ ստացան»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։

Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց  տեղափոխվածներից մեկն անչափահաս է: «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը նշել էր, որ Ջրառատից իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի՝  տեղափոխվածներից 17-ամյա Արայիկ Մելքոնյանի մոտ առկա է ծղիկոսկրի կոտրվածք, 26-ամյա Հակոբ Մելքոնյանի մոտ՝ ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք, ձախ քունքային շրջանի պատռված վերք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանի մոտ՝ ձախ եւ աջ նստատեղերի կտրած-ծակած վերք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ