News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 15-ին, հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաեւ ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:

Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:

Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաեւ Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, եւ այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է նախագահ Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար եւ նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, եւ բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, եւ բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի եւ հեռանկարի համար: «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, եւ մեզ հաջողվել է ձեւավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:

Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը:

Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը եւս կլինի բովանդակալից եւ կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում:

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ