News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա  «Օսկար» կինոմրցանակաբաշխությունում  «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված թեկնածուներից մեկը «Լուզերները»  բուլղարական արտադրության ֆիլմն էր, որի ռեժիսորը Իվայլո Խրիստովն է։ Իսկ գլխավոր հերոսի՝ Կոկո անունով դպրոցականի դերակատարը Բուլղարիայում այսօրվա ամենապահանջված դերասաններից մեկն է՝ Հովհաննես Թորոսյանը։ Նրա ճանաչվածության մասին է վկայում հենց թեկուզ այն փաստը, որ միայն 2015-ին կինոթատրոններում ցուցադրվել է նրա մասնակցությամբ յոթ ֆիլմ։

«Լուզերներ» ֆիլմը մեծ հաջողություն է  ունեցել Բուլղարիայում ու արժանացել գլխավոր մրցանակին Մոսկովյան կինոփառատոնում։ Կոկոն ապրում է մի փոքր քաղաքում, որտեղ ժամանակը դանդաղ ու անհետաքրքիր է անցնում։ Ծնողները մեկնել են Հունսաստան ու նա ապրում է իր հիվանդ տատիկի հետ։ Ընկերների՝ Պացոյի ու Գոշոյի հետ միասին, դասերից հետո նա անգործ թափառում է ՝ փնտրելով որեւէ հետաքրքիր զբաղմունք։ Իրենց «լուզերներ» համարող այդ անբաժան եռյակի ձանձրալի կյանքին բազմազանություն հաղորդողը թերեւս նրանց ընկերուհին է ՝ Ելենան։

Հովհաննեսը ծնվել է Երեւանում 1986-ի դեկտեմբերի 7-ին։ Ծանր 1993 թվականին ընտանիքը արտագաղթել է Բուլղարիա։ «Ոչ էլեկտրականություն կար, ոչ ջուր, ոչ գազ, դպրոցները փակվել էին ու մարդիկ անընդհատ հացի համար հերթ էին կանգնում։ Մենք այդպես ապրեցինք ութ ամիս ու դողդողում էինք՝ վերարկուների մեջ փաթաթված։ Նույնիսկ հիմա, երբ ես վառվող մոմ եմ տեսնում, այդ ժամանակն եմ հիշում,- պատմում է Հովհաննեսը,- Հայրական կողմից տատիկս կիսով չափ բուլղարուհի է։ Մայրս ուզում էր ծովին մոտ ապրել՝ Վառնայում կամ Բուրգասում։ Բայց այնպես ստացվեց, որ մենք մնացինք Սոֆիայում; Սկսեցինք զրոյից, ծնողներս 37 տարեկանում ստիպված էին փոխել մասնագիտությունը, հարմարվել նոր կյանքի»։

Հովհաննեսը ընդունվել է հայկական դպրոց։ «Եկանք մայիսին , իսկ դպրոց գնացինք սեպտեմբերին։ Ես առաջին դասարան, իսկ եղբայրս՝ չորրորդ։ Բուլղարերեն չգիտեինք, ռուսերեն էինք խոսում, ստիպված էինք սովորել։ Մենք բնակություն հաստատեցինք մայրաքաղաքի Նադեժդա թաղամասում։ Այնտեղ գնչուներ էին ապրում, նույնիսկ ձիեր էին պահում։ Նրանք ընդունեցին մեզ, ու նրանց հետ շփվելով մենք սովորեցինք լեզուն»։

Դեռ վեցերորդ դասարանում Հովհաննեսը որոշել էր, որ դերասան է դառնալու։ Եվ ավարտելով դպրոցը, ընդունվել էր Կինոյի ու թատրոնի ազգային ակադեմիայի «բեմական արվեստ/ դրամատիկ թատրոնի դերասան» ֆակուլտետը։ «Սովորում էի պրոֆեսորներ Պլամեն Մարկովի ու Իվայլո Խրիստովի խմբում։ Առաջին կուրսում որոշեցի մեկնել Մոսկվա, որպեսզի այնտեղ սովորեմ, բայց մերոնք դեմ էին, չէին ուզում որ ես ու եղբայրս բաժանվենք իրարից»,- հիշում է Հովհաննեսը։

Իսկ 2008-ից սկսած՝ նա սկսել է նկարահանվել կինոյում։ Սկզբում կարճամետրաժ, իսկ հետո լիամետրաժ ֆիլմերում, որոնք նրան հանրահայտ դարձրեցին։ Հիմա նա արդեն ավելի քան տասնհինգ ֆիլմերում է նկարահանվել։

Առաջին հաջողությունը 2010-ին էր, «Արեւելյան պիեսներ» ու «Տեղաշարժ» ֆիլմերում երկրորդական դերերի համար նա արժանացել է Բուլղարական կինեմատոգրաֆիստների միության ու «Ոսկե վարդ» մրցանակներին։ Իսկ 2011 ու 2012 թթ․ «Ավե» ֆիլմում Կամեն անունով երիտասարդի դերի համար նա նորից արժանացել է Բուլղարացի կինեմատոգրաֆիստների միության ու Թաշքենդի միջազգային կինոփառատոնի մրցանակներին։

Անցած տարի երեւանյան  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ցուցադրվել է 2015 թ․  «Դատախազ, պաշտպան, հայր ու որդի» ֆիլմը, որի ռեժիսորը բուլղարուհի Իգլիկա Տրիֆոնովան է։ Ֆիլմը Հարավսլավիայի գործով Հաագայի միջազգային տրիբունալի նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցած դրվագի մասին է պատմում։ Դատում են սերբ գեներալ Միլորադ Կրստիչին, որին մեղադրում են Գոլոգվա գյուղի բոսնիական բնակչության բնաջնջման մեջ։ Որպես մեղադրող կողմի ականատես խոսում է Միրո անունով երիտասարդ բոսնիացին։

Այդ դերում է երեւանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցել գնահատել Հովհաննես Թորոսյանի դերասանական վարպետությունը։ Չի կարելի չնշել Հովհաննես Թորոսյանի տաղանդը նաեւ որպես թատրոնի դերասան։ Դեռ 4 –րդ կուրսում սովորելիս նա սկսել էր խաղում  ուսանողական ու դիպլոմային բեմադրություններում։ Հիմա էլ ակտիվ խաղում է տարբեր բեմերում, այդ թվում վերջերս բացված «Ազարյան» թատրոնում։ Նա Replica թատրոնի հիմնադիրներից մեկն է ու NEDRAMA բեմական հարթակի հիմնադիրը։

Հայտնի է նաեւ որպես թատերական ռեժիսոր, մի շարք բեմադրությունների հեղինակ։ Որոշ սցենարներ հենց ինքն է գրել։ «Բելայա Վեժա-2015» 20-րդ միջազգային թատերական փառատոնում, Բրեստում, նա ներկայացրել է ր իր «Խելագարի գրառումները» տրագիկոմեդիան՝ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործության հիման վրա։

Կինոյում Հովհաննեսի վերջին դերը ռեժիսոր Վեսելին Եֆրեմովի «Ադամ» ֆանտաստիկ կարճամետրաժ ֆիլմում ռոբոտի դերն է։ Դերասանի դեմքը դուք այնտեղ չեք տեսնի, այդ ֆիլմը ռոբոտների մասին է։

Հովհաննես Թորոսյանը ամուսնացած է։ Նրա կինը Միլենա Երմենկովան է, նրա հասակակիցը։ Զույգն ունի դուստր՝ Յովաննան։

Հովհաննեսի եղբայրը՝ Տիգրանը, նույնպես դերասան է, խաղում է «Բոլգարսկայա արմիա» թատրոնում։

Պավել Ջանգիրով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ