News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում առանձնազրույց են ունեցել, իսկ հետո նաեւ ճեպազրույց ունեցել: Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահը պաշտոնակցի հետ քննարկել է հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Բնականաբար, չի շրջանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Սերժ Սարգսյանը կրկին ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը. հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Պուտինն իր հերթին շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել՝ ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի հանգուցալուծում գտնելու համար

Երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ տնտեսական լայն համագործակցության մասին, շեշտել, որ դեռ մեծ ներուժ կա, որը կարելի է իրացնել ԵՏՄ-ի միջոցով: Առեւտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու համար Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների հնարավորությունը։ Բացի այդ, Հայաստանը կարող է տրանսպորտի ոլորտում մի շարք նախագծեր իրականացնել:

Մեկ կարեւոր լուր էլ արվեստասերների համար. Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի Միխայիլ Վրուբելի «Դեւն ու հրեշտակը Թամարայի հոգու հետ» գողացված նկարը։ Մինչ անհետանալը՝ կտավը պահվում էր Երեւանում, Ռուսական արվեստի թանգարանում։

Քաղաքական դաշտը համալրվեց եւս մեկ ուժով. այսօր կայացել է «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանի հայտարարած նոր քաղաքական հարթակի անդրանիկ նիստը: Կուսակցությունը որոշել են «Երկիր Ծիրանի» կոչել, իսկ կարգախոս են ընտրել՝ «Դեպի Արարատ»: Փոստանջյանը բացատրել է անվան ընտրությունը:

Նորաստեղծ կուսակցությանը նաեւ «Ժառանգության» մի քանի նախկին անդամներ են միացել: Փոստանջյանն ասում է՝ բաց են բոլորի համար, ուզում են համախմբել ամբողջ հայությանը:

Իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են հանդիպել ընտրողների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ Երեւանի բակերում էր, ու նորից՝ ավտոտնակների տանիքներին: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, գոհ է քարոզարշավի ընթացքից: Ասում է՝ հաջողվել է մարդկանց հույս ներշնչել, որ ելք կա: Նոր Նորքում, սակայն, Փաշինյանին տհաճ անակնկալ էր սպասվում: «Տորք Անգեղ» մարզադպրոցի կողքով անցնելիս մարդիկ են դուրս եկել դպրոցից ու փորձել խոչընդոտել իրենց տարածքում քարոզչություն անել:

Լրագրողներն ու դաշինքի ներկայացուցիչները մարզադպրոցի ներսում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառն են նկատել ու փորձել պարզել, թե ինչու քաղաքական մի ուժի դեպքում կարելի է քարոզել, մյուսի դեպքում՝ ոչ: Մարզադպրոցի ոգեւորված աշխատակցուհիները սկսել են գոռգոռալ եւ վիրավորել «Ելք»-ի ներկայացուցիչներին ու լրագրողներին: Ավելի ուշ կանայք բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ Մամոյանը կատարվածի համար ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմակիցներից:

Կապանում գտնվող Սեյրան Օհանյանն էլ անդրադարձել է երեկ Ջրառատում տեղի ունեցած միջադեպին. հիշեցնենք, որ հրազենի կիրառմամբ ընդհարման հետեւանքով երեք մարդ հիվանդանոցում է հայտնվել:

Չնայած Կապանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզիչներին աղուհացով են դիմավորել, բայց հավաքվածներից շատերը տարբեր դժգոհություններ են ներկայացրել՝ հայտարարելով, որ քաղաքական որեւէ ուժի չեն հավատում: Արդեն ամբիոնից Արմեն Մարտիրոսյանը կոչ է արել չհավատալ Հանրապետականի ընտրացուցակին: Ասել է՝ երիտասարդ, գեղեցիկ դեմքեր են ներկայացնում, բայց նրանք որոշում կայացնողներ չեն, ու հիշել «Խաթաբալա» ֆիլմը:

Այնուամենայնիվ, գոնե կանանց շրջանում ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը կարծս թե համակիրների մեծ բանակ ունի: Համենայն դեպս՝ ՀՀԿ-ի հանդիպումներից մեկի ժամանակ մի կին ընտրող է հավաստել:

Պոլսո հայոց պատրիարքարանում մեծ աղմուկ բարձրացրած խնդիրը հանգուցալուցվեց. այսօր պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրությանն առաջադրվել էին նաեւ գործող փոխպատրիարք, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչպես նաեւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինը, սակայն, վերջին պահին հանել էր թեկնածությունը՝ Գարեգին արքեպիսկոպոսի օգտին: Հիմա արդեն տեղապահի գլխավորությամբ հանձնաժողով կստեղծվի, որն էլ կզբաղվի պատրիարքի ընտրության կազմակերպմամբ։

Մարտի 15-ին դոլարի արժեզրկումը շարունակվել է, էժանացել է նաեւ եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 514, ռուբլունը՝ 8 դրամ 20 լումա, ֆունտինը՝ 590 դրամ:

Մարտի 16-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ: Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես կարճատեւ անձրեւ կլինի, գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ