News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ակտիվիստ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված բողոքի երթ են անում:

Երեւանի Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաք է եղել՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», որից հետո երթ է սկսվել:

NEWS.am-ի  թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ  նրանք Ազատության հրապարակից շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա  եւ փորձել փակել ճանապարհը: Ակտիվիստներից մի քանիսը նստել են գետնին, ինչի հետեւանքով կաթվածահար է եղել երթեւեկությունը: Այս բողոքի երթը նրանք նախատեսել էին ավելի վաղ, ինչին պետք է մասնակցեր նաեւ Արթուր Սարգսյանը:

Ոստիկանները ուժով հեռացրել են ցուցարարներին, բացել ճանապարհը: Ներկայումս ցուցարարները բողոքի երթով շարժվում են արդարադատության նախարարություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ