News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Հաց բերողը» մահացել է: Երեկ երեկոյան Արթուր Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել եւ վիրահատությունից ժամեր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Մահվան պատճառը սիրտ-անոթային անբավարարությունն է եղել: Սարգսյանին մեղադրում էին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Երեւանում ՊՊԾ գնդի գրավման 9-րդ օրը նա ճեղքել է ոստիկանական շղթան եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերին»: Ամանորի նախաշեմին ազատ արձակված Սարգսյանին փետրվարի 9-ին կրկին կալանավորեցին: Մոտ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանը պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Ազատ արձակվելուց հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել, օրերս անց, սակայն, ինքնակամ հեռացել:

Արթուր Սարգսյանի հիշատակին Երեւանում բողոքի երթ են կազմակերպել: Ազատության հրապարակում կարճատեւ հանրահավաքից հետո հավաքվածները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա եւ փորձել փակել ճանապարհը: Ակտիվիստներից մի քանիսը նստել են գետնին, ինչի հետեւանքով երթեւեկությունը կաթվածահար է եղել: Ոստիկանները ուժով հեռացրել են ցուցարարներին ու բացել ճանապարհը:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հինգ ուղերձ է հղել հայաստանցի ընտրողներին: Բոլորն էլ վերաբերում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սվիտալսկին համոզմունք է հայտնել, որ այս ամենին հետեւելու դեպքում ապրիլի 2-ի ընտրությունները նախորդներից ավելի լավ կանցկացվեն եւ մեկ քայլ առաջ կլինեն Հայաստանի համար:

Անդրադառնալով նախընտրական քարոզչության ժամանակ  արձանագրված միջադեպերին, Սվիտալսկին ասել է, որ տեղյակ են Ջրառատի դեպքերին, բայց դա առանձին դեպք են համարում եւ չի կարելի խոսել զանգվածային բռնությունների մասին: Այնուամենայնիվ, նա իրավապահներին կոչ է արել կանխել ցանկացած նման դեպք, քանի որ բռնությունը բռնություն է ծնում եւ կարող է ձնագնդու էֆեկտով տարածվել:

Դիվանագետը հիշեցրել է, որ Եվրամիությունը նախկինում երբեք նման մեծ ուշադրություն չի դարձրել որեւէ երկրում անցկացվող ընտրություններին: Սակայն, անկախ նրանից, թե որքանով արդար ու թափանցիկ կլինեն ապրիլի 2-ի ընտրությունները, դա որեւէ կերպ չի կարող ազդել Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա: Չնայած դրան՝ Եվրամիությունն ուշադիր հետեւելու է ընտրական գործընթացին եւ անդրադառնալու է արձանագրած բոլոր թերություններին: Դրանցից մեկի մասին այսօր նա արդեն խոսել է:

Ֆրանսիայում ահաբեկչություն է իրականացվել: Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում ծրարը բացելիս պայթյուն է տեղի ունեցել: Մեկ մարդ է տուժել: Ֆրանսուա Օլանդը կատարվածն ահաբեկչություն է որակել: Նա նաեւ հայտարարել է, որ երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի առնվազն մինչեւ հուլիսի 14-ը:

Իսկ Ֆրանսիայի մեկ այլ՝ Գրաս քաղաքում վարժարաններից մեկում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, շուրջ մեկ տասնյակ վիրավոր կա: Հրաձգությանը մասնակցելու կասկածքով մեկ ձերբակալված կա, եւս մեկ կասկածյալի որոնում են:

Մեծ Բրիտանիայի թագուհին ստորագրել է Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին օրինագիծը: Ավելի վաղ բրիտանական խորհրդարանի երկու պալատներն էլ հավանության էին արժանացվել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործի դնելու մասին օրինագիծը, որը կառույցի անդամ երկրներին իրավունք է տալիս լքել Եվրամիությունը։ Արդեն մինչեւ մարտի վերջ վարչապետը կտա ծրագրի մեկնարկը: Նշենք, որ այս փաստաթուղթը սկսել էին «պինգ պոնգ» կոչել, քանի որ մինչեւ գործարկումն այն բազմաթիվ փուլերով պետք է հաստատվեր:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել է ստուգել Հայաստանում իրացվող նավթամթերքի որակը: Բացթողումների պատճառով սպառողները տուժում են: Սուրեն Կարայանը պարզաբանել է, որ հանձնարարականը կապված է վառելիքի որակի պատճառով Արցախում առաջացած խնդիրների հետ: Շաբաթներ առաջ Կարեն Կարապետյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան լիցքավորելիս խնդիրներ են եղել:

Վարչապետի մեկ այլ հանձնարարական էլ վերաբերել է բանկային գրավների վաճառքի ժամկետների սահմանափակմանը: Բանն այն է, որ օրենսդրությունն այժմ պարտատերի անվճարունակության պարագայում գրավադրված գույքի վաճառքի հստակ ժամկետներ չի սահմանում: Եվ որոշ դեպքերում բանկերը երկար ժամանակ չեն վաճառում գրավադրված գույքը, սպասում են այնքան, որ տուգանքների չափն ավելի մեծ լինի եւ գրավադրված գույքի վաճառքից հետո վարկառուին ոչինչ չմնա: Հիմա պետք է գրավադրված գույքի իրացման ժամկետներ մշակվեն, եւ ժամկետի խախտման դեպքում չվճարման համար տուգանքները պետք է սառեցվեն:

Կառավարության շենքի առջեւ այսօր բազմամարդ էր: Վարչապետի հետ հանդիպելու ակնկալիքով Հանրապետության հրապարակ էր եկել հաշմանդամ ազատամարտիկ Գագիկ Հարությունյանի 16 հոգանոց ընտանիքը: Նրանք սպառնում էին նստացույց սկսել, եթե կառավարությունը չվերականգնի իրենց հասանելիք ֆինանսական աջակցությունը: Ընտանիքում 12 երեխա կա, 5-ը՝ անչափահաս: Նախկինում 250 հազար դրամ աջակցություն են ստացել պաշտպանության նախարարությունից, սակայն հունվարից այլեւս չեն ստանում գումարը: Վարչապետին, ինչպես նաեւ կառավարությունից որեւէ մեկին հանդիպել այդպես էլ չեն կարողացել:

«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ էլ Տիգրան Մեծի պողոտան էին փակել: Հիմա կառավարությունից պատասխան են պահանջում, թե երբ են ստանալու իրենց հասանելիք բնակարանները: Ոստիկանները ցուցարարներին ուժով հեռացրել են ճանապարհի երթեւեկելի մասից: Հիշեցնենք, որ 2004 թվականին Երեւանում գերակա շահ ճանաչված տարածքների քանդված տների բնակիչների հետ կառուցապատող «Գլենդել Հիլզ»-ը պայմանագիր է կնքել, բայց մինչեւ հիմա քչերն են փոխհատուցում ստացել:

Մարտի 16-ին դոլարը շարունակել է զիջել դիրքերը, իսկ եվրոն շուրջ 4 դրամով թանկացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 8 դրամ 34 լումա, ֆունտինը՝ 592 դրամ:

Մարտի 17-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ կրկին թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ: Ցերեկը տեղումներ չեն լինի: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես գիշերը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ