ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց  «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ  Փաշինյանն այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովի այն մեղադրանքներին, թե որոշ  քաղաքական ուժեր փորձում են Արթուր Սարգսյանի մահը  շահարկել նախընտրական քարոզչության շրջանում դիվիդենտներ շահելու նպատակով։

Թեեւ Շարմազանովը կոնկրետ անուններ չի նշել, սակայն Արթուր Սարգսյանի մահվան բոթը տարածվելուց հետո, Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, բայց հարցազրույցներով հանդես եկել։

«Շարմազանովին ասեք, թող հստակեցվի, եթե  մեղադրանքները մեզ են ուղղված ես իրեն կպատասխանեմ: Էս պահին կարող եմ ասել՝ նա մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին։ Առհասարակ, նման քննադատություն մեզ որեւէ մեկը չի կարող ուղղել, որովհետեւ երբ որ Արթուր Սարգսյանը կալանավորված էր ու հացադուլի մեջ էր, առաջին օրվանից մենք զբաղվել ենք դրանով եւ մեզնից կախված մաքսիմում ջանքերը գործադրել ենք, որպեսզի նա օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հայտնվի ազատության մեջ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը նշեց, որ իրենք առանց լրագրողների հանդիպում են ունեցել գլխավոր դատախազի հետ եւ  զգուշացրել, որ այն կարող է ավարտվել մահվան ելքով եւ  ինքը  պատասխանատվություն է կրելու դրա համար, եթե իր լիազորությունները չօգտագործի եւ չկանխի այդ հնարավոր  զարգացումը։

«Ես կարծում եմ, որ եթե գլխավոր դատախազը փետրվարի 13–ին, որոշում կայացներ նրան  ազատելու համար, շատ հնարավոր էր, որ այս ելքը չլիներ»,–նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ նախօրեին «Արմենիա» ԲԿ-ում մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Նա ընդամենը 48 տարեկան էր: