Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները գնալու են կառավարության շենքի մոտ, որից հետո կորոշեն, թե ուր են շարժվելու: Երթին մասնակցում են դերասան Հրանտ Թոխատյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երրորդ հորզիոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանն ու դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Եկել ենք, որպեսզի ժողովրդի կողքին լինենք, մեր գլուխը խոնարհենք այդ մարդու առաջ: Այդ մարդու մեջ այնքան խորհրդանշական բան կա`«Հաց բերող», նա մեր ժողովրդի մեջ այդպես է հիշվելու, նա շատ լավ գործ է արել, հաց է բերել եւ դաժանաբար վարվեցին նրա հետ: Մենք միշտ էլ եղել ենք այդ տղաների կողքին՝ ստորագրություններով, հայտարարություններով ենք հանդես եկել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վարդան Օսկանյանը:
Սարգսյանի մահվան փաստով այսօր` մարտի 17-ին, քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:











