News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կլինի արդյոք Հայաստանում գիտական աստիճանների երկաստիճան, թե միաստիճան համակարգ՝ երկրորդական հարց է, գլխավորը գիտական աստիճանների տրամադրման այնպիսի համակարգ ունենալն է, որը աշխարհի հետ համադրելի լինի։ Այս մասին մարտի 17-ին Գիտությունների ազգային ակադեմիայի հաշվետու ժողովի ժամանակ հայտնել է Գիտության պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ կառավարության ծրագիրը , որը հաստատվել է 2016-ի հոկտեմբերին, ներառում է մի շարք դրույթներ գիտության զարգացման մասին։ Առաջին կետը 2017-ին գիտական աստիճանների տրամադրման համակարգի արդիականացումն է՝ այն եվրոպական համակարգի հետ համադրելի դարձնելու նպատակով։ Երկրորդ կետը՝ տարիքային սահմանափակումն է  ( մինչեւ 70 տարեկան) գիտության մեջ վարչական պաշտոններ զբաղեցնող մարդկանց համար։ «Մենք պետք է մշակենք չափանիշներ ու ինքներս մեզ համար պարզենք, թե գիտության մեջ որ պաշտոններն են վարչական համարվում»,- ասել է նա։ Ծրագրի երրորդ կետը նախատեսում է մեծ ծավալի ֆինանսավորման ուղղում կիրառական ու կոնստրուկտորային մշակումներին։ «Եվս մեկ կետ է պաշտպանական կամ երկակի նշանակության ծրագրերի ծավալների ավելացումը ու դրանց իրականացման խթանումը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է գիտական աստիճանների համակարգի արդիականացմանը, ապա այս հարցում, ըստ Սամվել Հարությունյանի, արդեն խոսակցություններ են պտտվում, որտեղ շեշտադրումները գլխավոր հարցերի փոխարեն երկրորդականների վրա են։ «Մասնավորապես մամուլում շրջանառվում են լուրեր, որ Գիտպետկոմն ուզում է կլանել ԲՈՀ–ը։  «Ես ուզում են ներկաներին վստահեցնել, որ նման հարցադրումը երկրորդական է, ու այն մեզ շեղում է բուն էությունից։ Կոնկրետ ինձ համար, որպես Գիտպետկոմի ղեկավարի, սկզբունքային նշանակություն չունի՝ կլինի երկաստիճան մոդել, թե միաստիճան։ Այս հարցում կարեւորը աշխարհի հետ համադրելի համակարգ ունենալն է»։

Սամվել Հարությունյանը նշել է, որ աշխարհն շատ արագ է փոխվում ,ու գիտությունն էլ նրա հետ մեկտեղ, եւ գիտությունում հիմա հայտնվել են առարկաներ, որոնք առաջ չկային, օրինակ կյանքի մասին գիտությունը կամ նանոտեխնոլոգիաների ոլորտը ։ «Դրա համար էլ մենք պետք է  նոր մասնագիտություններ ստեղծենք ասպիրանտների համար։ Խորհրդային ժամանակներից մնացած համակարգը հնացել է, այն պետք է վերանայել»,- ասել է նա, հավելելով, որ հստակ չափանիշներ է պետք մշակել ասպիրանտական տեղերի բաշխման համար, որպեսզի չլինեն այս կամ այն մասնագիտացումներով տեղերի ուռճացված քանակություն։

Նա ներկայացրել է վերջին 10 տարում Հայաստանում տարբեր մասնագիտություններով պաշտպանած դիսերտացիաների թվի ու պաշտպանությունից հետո այդ նույն ոլորտներում աշխատող գիտնականների թվի մասին «զավեշտալի վիճակագրություն»։ Օրինակ տնտեսագիտության գծով Հայաստանում պաշտպանել են 31 դոկտորական ու 1006 թեկնածուական դիսերտացիա ու պաշտպանածների միայն 2․4 տոկոսն է մնացել կրթության ու գիտության ոլորտում։ Տեխնիկական գիտությունների ոլորտում՝ 64 դոկտոր ու 725 թեկնածու է եղել, որոնց միայն 13 տոկոսն է մնացել կրթության ու գիտության ոլորտում։ Մանկավարժության ոլորտում միայն 2․9 տոկոսն է մնացել, իրավագիտությունում՝ ընդամենը 1․8 տոկոսը։ Միջինը պաշտպանածների միայն 14․3 տոկոսն է մնացել գիտության ու կրթության ոլորտում։ Այս պատկերը Սամվել Հարությունյանը մտահոգիչ է անվանել։

Սամվել Հարությունյանի խոսքով վերանայման ենթակա են նաեւ ասպիրանտուրայում ուսման ժամկետը, հայցվորության համակարգը, գիտական պարբերականների ցանկը, որոնցում հրապարակումները ընդունելի են դիսերտացիաների պաշտպանության համար եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ