Պետք չէ Հայաստանի իշխանություններին մեղադրել «Հաց բերողի» մահվան մեջ, պետք է մեղավորներին գտնել։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ եթե մեղավորներ կան, նրանք անպայման կպատժվեն։ «Ինչ վերաբերում է «Եռաբլուր» պանթեոնում Արթուր Սարգսյանին հուղարկավորելուն՝ ապա չմոռանանք, որ այնտեղ թաղված են մեր հերսոները, ովքեր սահման են պաշտպանել եւ կյանքը տվել հանուն խաղաղության։ Մենք ցավակցում ենք Արթուր Սարգսյանի հարազատներին, բայց «Հաց բերող»-ը սահման չի պաշտպանել», - նշել է Ավետիսյանը։
Ի պատասխան այն նկատողության, որ Արթուր Սարգսյանը մասնակցել է արցախյան պատերազմին՝ Սուքիաս Ավետիսյանը հիշեցրել է. «Խոսքը նրանց մասին է, ովքեր զոհվել են՝ պաշտպանելով սահմանը»։ Նրան հուղարկավորելու վայրի մասին որոշում պետք է ընդունեն նրա հարազատները, հավելել է թեկնածուն։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնա ծռեր»-ին «հաց բերող» Արթուր Սարգսյանը։




























