News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը նշել է, որ մեծապես կարեւորվում է ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ նոր ընտրական համակարգով խորհրդարանական կառավարման ձեւին սահուն անցումը:

Այս համատեքստում դեսպանը հաջողություն է մաղթել գալիք ընտրություններում եւ հույս հայտնել, որ խորհրդարանական ընտրություններից հետո միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ շփումներն ակտիվ եւ շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հարցին: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման հարցում հինգերորդ գումարման խորհրդարանական գործունեությունը եղել է ակտիվ, սակայն դեռեւս կա չօգտագործված ներուժ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Արտակ Զաքարյանը կարեւորել է հակամարտության կարգավորման հարցում Կանադայի հավասարակշիռ դիրքորոշումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ դեսպան Քյուրը նշել է, որ Կանադան մեծապես կարեւորում է ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված միջազգային գործընթացները՝ որպես քայլ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այս համատեքստում նաեւ անդրադարձ է կատարվել Երեւանում 2015 եւ 2016 թվականներին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի անցկացմանը՝ կարեւորելով այդ հարթակի դերը միջխորհրդարանական մակարդակում Ցեղասպանության թեման բարձրաձայնելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-կանադական հարաբերությունների մի շարք ոլորտների, կարեւորվել է հարաբերությունների առավել խթանումը խորհդարանական մակարդակում՝ աջակցելով բիզնեսի, կրթության եւ մշակութային ոլորտների զարգացմանը:

Քննարկվել են նաեւ հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացման եւ բիզնես հնարավորությունների խթանմանը վերաբերող հարցեր: Արտակ Զաքարյանը կարեւորել է 2017 թվականի սեպտեմբերին Երեւանում կանադական կողմի նախաձեռնությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաժողովի անցկացումը՝ հույս հայտնելով, որ համաժողովի աշխատանքներին աջակցություն կցուցաբերի նաեւ գալիք խորհրդարանը:

Կողմերը կարեւորել են նաեւ 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը՝ որպես նշանակալի իրադարձություն ՀՀ արտաքին քաղաքական գործընթացներում:

Հանդիպման ավարտին դեսպանը հույս է հայտնել, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում եւս երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ