News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզու՞մ ես խաղաղություն, ապա ամրացրու առաջնագիծդ եւ հզորացրու բանակդ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Ուզու՞մ ես հաշտություն ու բարիդրացիություն, մի՛ մոռացիր, որ դրա համար երկրորդ կողմի ցանկությունն էլ է պետք, թե չէ հաշտության մեկնված անզեն ձեռքդ կկտրվի յաթաղանով, իսկ բարիդրացիության երազդ կվերածվի մղձավանջի...

Ակնհայտ ռազմատենչ ու ֆաշիստական հակառակորդի առկայությամբ ես ակնկալում էի նախընտրական քարոզարշավում տեսնել իրական դիսկուրս, թե ինչպես կարելի է ամրացնել մեր սահմանների անվտանգության համակարգը՝ զիջողականության անհեռատես ու աներաշխիք դիսկուրսի փոխարեն:

Բանակցային արվեստի ոսկե կանոններից է, որ եթե դիմացինդ կոշտացնում է իր դիրքորոշումը, ապա դու չես կարող ավելի մեղմացնել քոնը, այլապես դատապարտված ես ոչ թե հաշտության կամ նույնիսկ փակուղու, այլ՝ պարտության:

Ես շատերից ավելի շատ պատճառներ ունեմ խաղաղություն փափագելու, այդ պատճառով կուզեի այն երաշխավորել ամենաիրատեսական ճանապարհով՝ հայրենիքն անխոցելի վահան դարձնելով, որը առաջնահերթորեն մեր ձեռքերում է, ոչ թե այն ապահովելու գործիքները տալ ուրիշներին»,- նշել է նա:

Որպես էլ հետգրությունն էլ Արտակ Բեգլարյանը գրել է. «Հայոց հայրենիքի զարգացվածության ոչ ցանկալի մակարդակի պատճառը պետք չէ փնտրել հակամարտության մեջ, Իսրայելի յոթանասունամյա հակամարտությունն ու զարգացումը՝ վառ օրինակ: Իսկ միջազգային երաշխիքների ամրությունը պատկերացնելու համար արժե հիշել բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ ուկրաինականը»:

Բեգլարյանի գրառումը պատասխանն է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական ցուցակը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է հակամարտության կարգավորմանը, նշել է, որ եթե Բաքուն փոխզիջումների պատրաստ չլիներ, ապա չէր մասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: Նա նաեւ ասել էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, կամ Ղարաբաղը, կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները:

 

Տպել
Ամենաշատ