News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ներքաղաքական թոփ թեման շարունակում է մնալ Սամվել Բաբայանի ձերբակալությունը: Վաղը լրանում է 72 ժամը, սակայն նրան դեռ մեղադրանք չեն առաջադրել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի ստվերային համակարգողն է համարվում պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, հայտարարեց, որ Բաբայանը քաղաքական հետապնդման է ենթարկվում եւ իրենք մինչեւ վերջ կանգնելու են նրա կողքին:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը մատնում է իշխանությունների վախը: Նա վստահեցրեց, որ Սեյրան Օհանյանը նույնպես այժմ քաղաքական հետապնդման է ենթարկվում: Այնուամենայնիվ, չմասնավորեցրեց, թե կոնկրետ ինչպես է նա հետապնդվում: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Սեյրան Օհանյանը նույնպես ձերբակալվի, պատասխանեց կարճ: «Ժառանգության» առաջնորդը բացահայտեց իրենց ծրագրերը. եթե իրենք չհաղթեն, հետընտրական զարգացումներ են լինելու: Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ այս անգամ մինչեւ վերջ է գնալու, նախորդ անգամվա պես պայքարից հետ չի կանգնելու: Լրագրողներից մեկը հեգնեց՝ հիշեցնելով Ծիծեռնակաբերդում աղոթքը ոստիկանապետի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցներից մեկի նյարդերը տեղի տվեցին:

Իշխող կուսակցությունն ամեն կերպ հերքում է Բաբայանի ձերբակալության քաղաքական շարժառիթները: Ավելին, Շարմազանովը նախօրեին կարծիք է հայտնել, որ ՕՐՕ դաշինքը միտումնավոր է քաղաքականացնում հարցը՝ դիվիդենտներ շահելու համար, մինչդեռ, նրա խոսքով, հարցը միայն իրավական տիրույթում է:

Ներքաղաքական մյուս ինտրիգը. արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքն ու Հանրապետականը կոալիցիա կկազմեն: Շարմազանովն ասել է, որ նման հարց իրենք չեն քննարկել, բայց ընտրություններից հետո, երբ պարզ դառնան արդյունքները, կորոշեն, թե որ ուժերի հետ կարելի է կոալիցիա կազմել: Ըստ էության՝ այս հնարավորությունը չի բացառել, հատկապես որ, նրա խոսքով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ծառուկյան» դաշինքը բոլորովին էլ ընդդիմադիր չէ:

Օրերս Գագիկ Ծառուկյանը չէր բացառել այս հնարավորությունը, սակայն ժամեր անց Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Հանրապետականի հետ կոալիցիան անհնար է: Այսօր արդեն Ծառուկյանն Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը սրբագրեց ինքն իրեն. լրագրողներն իրեն լավ չեն հասկացել, ինքը կոալիցիա Հանրապետականի հետ չի կազմի:

Արարատի մարզում Ծառուկյանն այսօր ակտիվ քարոզարշավ է իրականացրել իր փեսայի՝ Հովիկ Աբրահամյանի որդու օգտին: Արգամ Աբրահամյանն ամենուր ուղեկցում էր Ծառուկյանին, վերջինն էլ ամբիոնից գովաբանել է փեսային, իսկ ավելի ուշ ընտրողներից մեկի հետ զրույցում կանգնել իր խնամի Հովիկ Աբրահամյանի թասիբին: Վեդիի բնակիչը դժգոհել է, որ Հովիկ Աբրահամյանը մարզպետ, ապա վարչապետ եղած տարիներին մարզի համար ոչ մի լավ բան չի արել, Ծառուկյանը դրա մեջ պատվեր է տեսել:

Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի մարզերում եւ Երեւանում սոցհարցում է անցկացրել եւ պարզել, որ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա Հանրապետական կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 29.4%-ը: ՀՀԿ-ին չնչին տարբերությամբ հետեւում է «Ծառուկյան» դաշինքը, որի օգտին կքվեարկեր 28.2%-ը: «Ելք» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 6.1%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 4.8%-ը, «Ազատ դեմոկրատների»՝ 4.4%-ը, «Հայկական վերածննդի»՝ 3.4%-ը, «Կոնգրես-ՀԺԿ»-ի՝ 2.9%-ը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ 2.5%-ը, Կոմկուսի օգտին՝ 1.2%-ը:

Բացի այդ, արդյունքների համաձայն, ամենամեծ թվով ընտրողները՝ հարցվածների 76.4%-ը, ծանոթ են «Ծառուկյան» դաշինքի ծրագրին, ամենաքիչը՝ 8.2%-ը, «Կոնգրես-ՀԺԿ»-ի նախընտրական ծրագրին: Իշխող Հանրապետականի նախընտրական ծրագիրը ճանաչվածությամբ երկրորդն է՝ 65.1%-ով: Իսկ Հանրապետական կուսակցության քարոզարշավին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը հարցման մասնակիցների 67.1%-ը դրական է գնահատում:

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի թթվածնային կայանում բալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի պատճառների մասին վարկածներ դեռեւս չկան: Փլատակների տակից դուրս են բերել աշխատակցի՝ Արմենակ Ազարյանի դին: Նա Նոր Գեղիի բնակիչ է, կայանում թթվածնային բալոններն էր լիցքավորում: Ազարյանն ամուսնացած էր, երկու երեխա ունի: Պայթյունի հետեւանքով մեկ մարդ էլ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Դեպքի վայրում է եղել նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Մոսկվայում 95 տարեկանում մահացել է հայտնի օդաչու Ստեփան Միկոյանը: Նա Խորհրդային միության հերոս էր, ավիացիայի գեներալ-լեյտենանտ: Լուրը հայտնել է «ՄիԳ» օդանավաշինական ընկերությունը: Միկոյանն ընդհանուր առմամբ 102 տեսակի թռչող սարք է յուրացրել, այդ թվում՝ «ՄիԳ-23», «ՄիԳ-25» եւ «ՄիԳ-27» օդանավերը: Ստեփան Միկոյանը խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին էր:

Երեւանում 90 տարեկանում մահացել է ականավոր պատմաբան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Նա բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է, մի քանի տասնամյակ աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայում: Հայաստանի անկախացումից հետո Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել դպրոցական պատմության դասագրքերի ստեղծման գործում: Վլադիմիր Բարխուդարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 12:00-ից 14:00-ը, ԳԱԱ նախագահության շենքում:

ԱՄՆ-ում էլ 67 տարեկանում վախճանվել է հայազգի հայտնի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը: Նա ամերիկյան Boston խմբի երաժիշտներից էր: Հաշիանը մահացել է համերգային շրջագայության ժամանակ: Երաժիշտը մասնակցել է Boston-ի առաջին երկու ալբոմների ձայնագրությանը: Դա բավարար էր ռոքի պատմության մեջ մտնելու համար, քանի որ Հաշիանը հարվածային գործիքների պարտիան կատարել է մի քանի հայտնի հիթերում՝ «More Than a Feeling», «Long Time», «Peace of Mind»:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը վերջապես դուրս է գրվել զինվորական հոսպիտալից: Նրա ազատ արձակման մասին տեղեկություններ տարածվեցին դեռեւս օրերս առաջ, սակայն Մուբարաքի փաստաբանն այն ժամանակ հերքեց այդ լուրերը: Հիմա պաշտպանը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ վեց տարվա ընթացքում առաջին անգամ Մուբարաքը փողոց է դուրս եկել որպես ազատ մարդ: Հոսնի Մուբարաքին պաշտոնանկ արեցին 2011 թվականին: Նա տարածաշրջանի առաջին երկրի ղեկավարն էր, որին դատապարտեցին «արաբական գարունից» հետո:

Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչն այսօր պարգեւատրվել են: Տարվա լավագույն մարզիչ կոչմանն արժանացել էր «Շիրակը» գլխավորող Վարդան Բիչախչյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստների եռյակը գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ մրցանակին արժանացել է Գեւորգ Ղազարյանը, իսկ երրորդ լավագույն ֆուտբոլիստը Մարկոս Պիզելին է:

Մարտի 24-ին եվրոն թանկացել է, դոլարի արժեքը՝ նույնը մնացել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 523, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 604 դրամ:

Մարտի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ն աստիճանաբար 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ