News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017 թ. հունվարից ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի» դեմ հայցադիմումն ուղարկվել է դատարան:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս առնչությամբ նշել է, որ այդ օրենքի համաձայն ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից հաշվարկվում եւ պետական բյուջե է փոխանցվում 1000-ական ՀՀ դրամ, որով խախտվում է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը:

Օրենքով դրոշմանիշային վճար դիտարկված 1000-ական դրամները գանձվում են հարկադիր ձեւով եւ դրա դիմաց քաղաքացիները որեւէ ծառայություն չեն ստանում, այնինչ 2005 թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը «պարտադիր վճար» եզրույթը մեկնաբանելիս պարտադիր է համարում դրա դիմաց վճարողի օգտին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավաբանական նշանակության գործողություններ կատարելը: ՀՀ քաղաքացիները հարկադիր վճարում են ինչ-որ դրոշմանիշերի համար, որոնց մասին տեղեկություն չունենք եւ դրա դիմաց որեւէ ծառայություն չենք ստանում:

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով անհիմն հարստացել է՝ ՀՀ քաղաքացիներից հարկադիր ձեւով գանձելով 1000-ական դրամներ:

Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպանի աշխատակազմը, 2017 թ. մարտի 13-ի պատասխանում վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումները, նշել է, որ պարտադիր վճարը չի ենթադրում անմիջականորեն ծառայության մատուցում վճարողին: Ապա հավելել, որ օրենքով հատուցման հատուկ համակարգի ստեղծմամբ պետությունն ապահովում է ուղղակի կամ անուղղակի ծառայության մատուցում վճարողին՝ նկատի ունենալով զինծառայողների՝ երկրի սահմանները պաշտպանելու գործառույթը. «Նրանք իրենց անփոխարինելի ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով յուրաքանչյուրիս պաշտպանությունը»: Այս անհասկանալի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանը գտել է, որ հիմքեր չկան օրենքի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մի շարք աշխատակիցներ 2017 թ. մարտի 21-ին դիմել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ վերադարձնել պետական բյուջե վճարված 1000-ական դրամները՝ որպես անհիմն հարստացման գումար:

Տպել
Ամենաշատ