News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ով չի հասկացել, որ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Արցախում զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների առջեւ իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Այստեղ, Արցախի հողի վրա, իրականության ընկալումն իմ կարծիքով շատ ավելի օրինաչափ է։ Վստահ եմ` բոլորդ եք զգացել։ Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում, փառք Աստծո, մենք վաղուց արդեն անցել ենք ամեն րոպե վտանգ զգալու փուլը։ Դա լավ է, դա առաջընթացի համար շատ կարեւոր գործոն է։ Բայց այստեղ այդ զգացումն այլ է՝ հաստատ ավելի իրական է։ Արցախցին ամեն օր արթնանում է ու իր կյանքն ապրում՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր պահ արեւելքից կարելի է սպասել ամեն ինչ։ Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է զինվոր, որ ամիսներ ու տարիներ շարունակ պաշտպանում է խաղաղությունը գերագույն արժեք համարողների, ժողովրդավարությունը կենսակերպ դարձրածների, խոսքի ազատության, մարդու իրավունքների, քրիստոնեության եւ հանդուրժողականության մեծ տարածքի հարավ-արեւելյան սահմանը։ Արցախն ինքը մեր օրերի հերոսն է։

Սիրելի՛ ծնողներ,

Այս օրը դուք անցկացրեցիք ձեր զինվոր զավակների հետ։ Գլուխ եմ խոնարհում ձեր առաջ այսպիսի տղաներ դաստիարակելու համար։ Նրանք ամեն օր, ամեն ժամ հսկում են մի ողջ ժողովրդի անվտանգությունը, ապահովում նրա գոյությունը։ Վաղը նրանք ձեր օջախներ կվերադառնան որպես իսկական տղամարդ՝ հասուն, գիտակից ու միշտ կապրեն այն համոզմունքով, որ զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Նրանք դա այսօր բոլորից լավ գիտեն։

Այո՛, զարգանալ կարելի է միայն պաշտպանված լինելով։ Հետեւաբար այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել։

Նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1.5 միլիոն մեր նահատակներին։ Անցած ապրիլին մենք մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարեւանի լայնամասշտաբ հարձակումը. մենք կանխեցինք ապագայում նահատակներ սրբացնելու հեռանկարը։ Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միեւնույնն է վտանգը չի նվազելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ