News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով նորանշանակ դեսպան Հիլին Երեւանում՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների զարգացումը ամենատարբեր ոլորտներում, եւ հաջողություն մաղթեց դեսպանին իր կարեւոր առաքելության մեջ:

Դեսպան Հիլը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին շեշտեց, որ իր կառավարությունը մեծապես հետաքրքրված է՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ, եւ ինքը հավելյալ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարեւորվեց ԱԳ նախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը, իրավապայմանագրային դաշտի զարգացման, առեւտրատնտեսական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կապերի խթանման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում կարեւոր դերակատարություն կարող է ունենալ Նոր Զելանդիայի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ