News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կրթական հաստատությունները նախընտրական գործընթացներում ներառելը բացասաբար է ազդում Հայաստանում կրթական գործընթացի վրա։ Շատ գիտակից ծնողներ փորձում են իրենց երեխաներին տեղավորել դպրոցներում, որոնց տնօրենները որեւէ կուսակցության անդամ չեն, իսկ պաշտոնյաների մեծամասնությունը երեխաներին ուղարկում են ոչ թե պետական, այլ մասնավոր դպրոցներ, որոնց նախընտրական գործընթացները շրջանցում են։ Այս մասին մարտ 27-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական դպրոցներում  այսօր քաղաքական «ենթահամակարգ» է գործում, որը կրթության հետ ընդհանուր ոչինչ չունի։ Այդ համակարգի շրջանակներում տնօրենների մեծամասնությունը ստիպված Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է դառնում։ Իհարկե, նրանց ոչ ոք չի ստիպում դա անել, բայց նրանք հասկանում են, որ եթե նրանք համակարգից դուրս լինեն, իրենց դպրոցը կարող է տուժել։ Վերջիվերջո, տնօրենները, ովքեր ընտրությունների ժամանակ լավ են «աշխատել», հետո կարող են իշխող կուսակցությանն իրենց պահանջները ներկայացնել՝ վերանորոգել դպրոցը, ինչ-որ մեկին աշխատանքի տեղավորել եւ այլն։

«Արդյունքում մանկավարժական լավ հատկանիշներ ունեցող մարդիկ այլեւս չեն ցանկանում տնօրեն դառնալ, քանի որ նրանք չեն ցանկանում աշխատել այնպիսի հանգամանքներում, որտեղ իրենց աշխատանքի չափանիշներից մեկը ընտրական գործընթացներում ներգրավվածությունն է», - նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ ներկայիս իրադարձություններն ամբողջությամբ աղավաղում են դպրոցի «առաքելությունը» եւ ուղղակի վնասում կրթական գործընթացին։

«Չի կարելի ասել, թե տնօրենները վատն են։ Խնդիրը հետեւյալում է՝ ստեղծվում է մի իրադրություն, երբ մարդկանցից պահանջվում է դրսեւորել ամենավատ հատկությունները, եւ ոչ ամենալավ։ Եթե մենք իրադրություն ստեղծենք, որտեղ տնօրենները պետք է մրցեն՝ ցույց տալով իրենց մասնագիտական տաղանդները, տնօրեներ կդառնան երեխաերի հետ աշխատել կարողացող մարդիկ», - նշել է մասնագետը։

Նա նշել է, որ Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ նման բան է տեղի ունենում։ 1993-ին Հունաստանում ՊԱՍՕԿ կուսակցությունը սկսել է կրթական հաստատությունները ներառել ընտրական գործընթացներում, եւ արդյունքում այդ ամենը հանգեցրեց երկրի տնտեսական անկմանը։

«Չնայած որ նման տխուր նախադեպ կա, մենք միեւնույն է այժմ նույն ուղով ենք ընթանում», - նշել է Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե ոչինչ չփոխվի առաջիկայում, ՀՀ կրթական համակարգում լուրջ խնդիրներ կլինեն։

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների չարաշահումներ է արձանագրել։ Մասնավորապես՝ ավելի քան 100 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ