News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները վճռականորեն դատապարտում են Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի գործընթացը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անսահմանափակ իշխանություն է ընձեռում: Մարտի 27-ին Բունդեսթագում Ձախերի կուսակցության կազմակերպած, գիտաժողովի շրջանակում Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը աղետ որակեց Թուրքիայում կատարվող իրադարձությունները, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բեռլինից:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում, դա իրադարձությունների բնականոն ընթացք չէ, այլ միայն նախապես հաշվարկած պլան: Երկրում, որը ՆԱՏՕ-ի անդամ է եւ հավակնում է ԵՄ անդամ դառնալ, ոտնահարվում են քաղաքացիական իրավունքները, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները ձերբակալվում են: Թուրքիայում ամառվանից մինչ օրս ես կարող եմ խոսել երկու հեղաշրջման մասին: Առաջինը պետական հեղաշրջում էր, որը տապալվեց, իսկ երկրորդը կազմակերպել է Էրդողանը սեփական երկրի սահմանադրության դեմ: Եվ այս մեկն արդեն հաջողված է թվում: Էրդողանը փաստացի լուծարում է խորհրդարանը` ձերբակալելով պատգամավորներին: Նա դա անում է հանրաքվեի միջոցով, որը ուժազուրկ է անում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը»,- ասաց Նորբերտ Լամերթը:      

Բունդեսթագի նախագահն անդրադարձավ նաեւ էրդողանի կողմից Գերմանիայում կատարվող իրադարձություններին միջամտելուն`որպես օրինակ բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո թուրքական կողմի արձագանքները: «Այդ բանաձեւով Գերմանիան իր պատասխանատվությունն ընդունեց, քանի որ դա տեղի էր ունեցել մեր պասիվ միջամտությամբ: Եվ մենք տեսանք, թե ինչ արձագանքներ եղան Թուրքիայից: Էրդողանը Բունդեսթագի թուրք պատգամավորներին PKK- ի ահաբեկիչներ որակեց եւ կոչ արեց արյան անալիզ հանձնել, համոզվելու համար, որ նրանք իրոք թուրք են: Ես դա չեմ կարող հասկանալ մի երկրում, որն իրեն քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության հետեւորդ է համարում»,- եզրափակեց Լամերթը:          

Գիտաժողովում պատգամավորները եւս մեկ անգամ դատապարտեցին Թուրքիայում ատելություն եւ ազգայնականություն սերմանելու երեւույթը: Ձախերի կուսակցության անդամ, ծագումով թուրք պատգամավոր Սեւիմ Դաղդելենը կարծում է, որ հեղաշրջման փորձն իսկական Աստծու պարգեւ էր Էրդողանի համար. «Դա ազատեց Էրդողանի ձեռքերը: Այն, ինչ նա անում է հեղաշրջման կազմակերպիչներրն պատժելու քողի տակ, իսկական սիստեմատիկ պետական ահաբեկչություն է»:  

Ձախերի խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը իր հերթին ընդգծեց, որ Գերմանիան չպետք է թույլ տա Էրդողանին իր օրենքները թելադրել իրեն` շահարկելով միգրացիոն գործարքն ու ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը: «Գերմանիան պետք է դադարի զենք տրամադրել Թուրքիային եւ հետ կանչի Ինջիրլիք բազայում ծառայող գերմանացի զինվորականներին: Էրդողանն ահաբեկիչ է որակում իր ընդդիմադիրներին եւ ոչ միայն կոչ անում ոչնչացնել նրանց, այլ իրագործում դա»,- եզրափակեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ