Ես ամեն տեղ, յուրաքանչյուր հանդիպումների գնում եմ իմ մեքենայով, իմ հետեւից ավտոբուսներ, մեքենաներ չեն գալիս: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, աջափնյակցիների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս հանդիպումը տեղի ունեցավ համայնքում գործող ռեստորաններից մեկում:
«Ամփոփելով քարոզարշավը, այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը լինելու է այն քաղաքական ուժը, որն ապրիլի 2-ին կունենա ծանրակշիռ հաղթանակ: Ես դրանում համոզված եմ, ոչ միայն նրա համար, որ այսօր այստեղ հավաքվել է 600-700 մարդ, իսկ դա արդեն այդ համայնքի ընտրողների մի քանի տոկոսն է, այլ այդ վստահությունը գալիս է 25 օրերի ընթացքում իմ ունեցած հանդիպումներից: Մենք ամեն տեղ ունենք կազմակերպված եւ մրցունակ թիմեր:
Ես ամեն տեղ, յուրաքանչյուր հանդիպումների գնում եմ իմ մեքենայով: Իմ հետեւից ավտոբուսներ, մեքենաներ չեն գալիս: Եվ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կարողացել ենք ապահովել ամուր, մրցունակ թիմ, որովհետեւ մեր երկրի վիճակը ոչ ոքին չի գոհացնում: Մեր երկիրը փոփոխության ու վերածննդի կարիք ունի բոլոր բնագավառներում»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, երկրի ներսում ժողովրդին վերաբերվում են ինչպես ջրով լի շշի, որի պարունակությունը դատարկելուց հետո շիշը դեն են նետում. «Ես չեմ ուզում, որ ապրիլի 3-ից հետո նորից ասենք՝ էս երկիրը երկիր չի: Այս երկիրը շատ էլ լավ երկիր է, եթե արժանապատիվ նայենք մեր երկրին, այլ ոչ թե երկրի հարուստ մարդիկ բազազ արտեմների պես, զիմզիմովների պես մարդկանց ցուցակագրելով, ողորմություն բաժանելով մարդկանց վերաբերվում են շատ վատ: Դա նույն է, որ մարդ շշով ջուրը բացի, ջուրը խմի եւ դեն շպրտի: Այսօր ԱԺ պատգամավորների մոտ 80 տոկոսը ոչ գվվում են, ոչ բվվում են, նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում ժողովրդի խնդիրը: Ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր փող են վերցրել, կամ վերցնելու են, «ոչ» ասեն այս համակարգին: Փակ քվեարկություն է, արդար քվեարկեք»:
Ըստ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագիրն այնքան է դուր եկել ընտրապայքարում գտնվող մյուս քաղաքական ուժերին, որ բոլորը սկսել են որդեգրել իրենց կուսակցության ծրագրերը:
Արթուր Բաղդասարյանը կրկնեց «Ծառուկյան» դաշինքի «ժեստը» եւ ընտրողներից հետաքրքրվեց, թե դահլիճում ներկաներից քանիսը բանկերում վարկեր ունեն, ու ընտրողներին խոստացավ քաղաքացիներին ազատել բարձր տոկոսադրույքով վարկերից, եթե քվեները տան իր կուսակցությանը:
Ի դեպ, յուրաքանչյուր հանդիպմանը կուսակցության առաջնորդն իր կուսակիցներին հորդորում է իրեն լավ ծափ տալ, իսկ իրականում դահլիճում հնչող ծափի ձայները նախապես ձայնագրած են: Այդպես, մինչ Արթուր Բաղդասարյանի ժամանումը, հանդիպման կազմակերպչները ստուգում եւ կարգավորում էին ձայնագրված ծափերը: Չնայած ձայնագրված ծափահարություններին, հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանն ընտրողներին կրկին «ստիպեց» լավ ծափ տալ, որ տաքանան:














