«Իսլամական պետություն»-ն Իրանի հասցեին սպառնալիքներով տեսագրություն է տարածել, հաղորդում է IRINN հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով` համացանցում հայտնվել է 37 րոպե տեւողությամբ տեսագրություն, որտեղ ԻՊ-ի գրոհայիններն են: Առաջին ահաբեկիչը` Աբու Ֆարուկ էլ-Ֆարսի անունով, հանդես է գալիս որպես իրանալեզու, իսկ երկրորդը ներկայացնում է բելուջի ժողովրդին եւ իրեն անվանում Աբու Մոջահեդ-Բալուշի: Իսկ երրորդը` Աբու Սաադ էլ Ահվազի անունով, խոսում է իբր թե Իրանի արաբալեզու բնակչության անունից: Նրանք Իրանի իշխանություններին հերետիկոսներ են անվանում ու բնակչությանն անկարգությունների, դիվերսիաների եւ զինված հարձակումների կոչ անում:
Էլ-Բալուշի անունով դիմակով մարդը պնդում է, որ ԻՊ-ն «կզավթի Իրանը»:
Ըստ հեռուստաալիքի` տեսագրությունը արվել է սահմանային Դիյալա գավառում: