Վրաստանում առանց վիզայի ռեժիմի գործելու հետ կապված` երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` ուսանողների, գիտնականների, լրատվամիջոցների ներկայացւցիչների ու կառավարության անդամների հետ առանց վիզայի մեկնել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք, իսկ հետո կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, հաղորդում է «Грузия-онлайн»-ը:
Նշվում է, որ Աթենքի համալսարանում Վրաստանի վարչապետը կբացի «Վրաստանը Եվրոպայից մինչեւ Եվրոպա» համաժողովը: Դրանից հետո Գեորգի Կվիրիկաշվիլին կհանդիպի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Իսկ երիտասարդների եւ գիտնականների հետ Կվիրիկաշվիլին կայցելի Աթենքի Ակրոպոլիս: Այսօր վրացական պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որտեղ Վրաստանի վարչապետը երկկողմանի հանդիպումներ կանցկացնի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: