Երեւանում «Վեգա» խանութի ետնամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում բարձրությունից ընկնելու հետեւանքով տղամարդ է մահացել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մարտի 24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Գեւորգ Գեւորգյանը: Նա նույն օրը ժամը 16:00-ին մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեւորգյանը մարմնական վնասվածքները ստացել է «Վեգա» խանութի ետնամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում բարձրությունից ընկնելու հետեւանքով:
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ մեր տեղեկություններով շինարարությունը տեղի է ունեցել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութի ետնամասում կատարվող շինաշխատանքների ժամանակ: