Պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ մամուլում նախկինում իրեն ուղղված քննադատությունները կազմակերպել են իշխանությունները: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպումից հետո մեկնարկած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը (ֆոտոռեպորտաժ):

«Եթե անհրաժեշտություն լինի, ես մամուլով ելույթ կունենամ եւ կներկայացնեմ որոշակի փաստեր, որոնք կապացուցեն՝ ովքեր են եղել դրա կազմակերպիչները: Ես գիտեմ, որ այդ արշավն իմ դեմ ուղղված եղել է իշխանության կողմից: Ընտանիքը եթե գեղեցիկ է, չի նշանակում, որ մեծ գումարներ են այնտեղ ներդրված»,- ասել է նա:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր դաշտում է եւ կարող են ճնշումներ լինել նրա նկատմամբ, նա բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ մամուլում գրված տեղեկությունը, թե հնարավոր է, որ անգամ Սեյրան Օհանյանին ձերբակալեն, չի համապատասխանում իրականությանը. «Արհամարհում եմ նման արտահայտությունները եւ խորհուրդ կտամ մամուլին այդպիսի սադրիչ գործողություններով չզբաղվել»:

Իր մասնակցությունն այսօրվա հավաքին եւ երթին, Ռուզաննա Խաչատրյանն այսպես է բացատրել. «Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից, գաղափարակից  եւ կյանքի ընկերն եմ: Որտեղ որ լինի նա, այնտեղ էլ ես կլինեմ»:

Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը քարոզարշավի ընթացքում առաջին անգամ է հանրությանը երեւում: Նա նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը, որից հեռացավ, երբ Սեյրան Օհանյանը նոր կառավարության ձեւավորման արդյունքում զրկվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: