News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արցախում զինծառայող է զոհվել: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող, 1997 թվականին ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում: 20-ամյա Ռաֆայելյանը հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, ընտանիքի ավագ որդին. իրենից փոքր եղբայր ունի, որն այս տարի է բանակ զորակոչվել:

«ԻԳԼԱ»-ի գործով եւս մեկ ձերբակալված կա: Վրաստանում հետախուզվող Հայաստանի քաղաքացու են ձերբակալել՝ 40-ամյա Ռոբերտ Ա.-ին: Ըստ տեղեկությունների՝ հենց նա է մատակարարել «ԻԳԼԱ»-ն: Հայաստան «ԻԳԼԱ» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակի եւ «9M39» հրթիռի տեղափոխման գործով, հիշեցնենք, եւս երեք ձերբակալված կա, այդ թվում՝ Սամվել Բաբայանը: Ձերբակալվածներից մեկը Բաբայանի մարտական ընկերն է՝ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը:

Սամվել Բաբայանի եւ կալանավորված մյուս երկու անձանց միջեւ դեռ առերեսում չի եղել, քանի որ, նրա պաշտպան Ավետիս Քալաշյանի հավաստմամբ, նրանցից ոչ մեկը Բաբայանի դեմ ցուցմունք չի տվել: Քալաշյանը նաեւ պնդում է, որ Սամվել Բաբայանը բավարար հիմքեր չունի իր կալանավորումը քաղաքական որոշում որակելու, ինչպես արդեն հայտարարել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները:

Նախընտրական քարոզչությունը մոտենում է ավարտին. շաբաթ՝ ապրիլի 1-ին, արդեն լռության օր է: Մինչ այդ, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր ձեւաչափերով հավաքներով քարոզչությունն են ամփոփում: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրներն այսօր հավաքվել էին մարզահամերգային համալիրում: Գագիկ Ծառուկյանը գոհ է քարոզարշավից, իսկ հիմա հորդորում է «ճիշտ մասնակցել ընտրություններին, տեղամասերում հետեւել բոլոր ձայներին»: Վստահ է, որ հաղթելու են, նրա վստահությունը կիսում են նաեւ արտերկրի գործընկերներն ու արդեն խոստացել են 15 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանում: Ծառուկյանը սա իր անձնական ձեռքբերումն է համարում: «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքից հետո, ի դեպ, միջադեպ է տեղի ունեցել. Գագիկ Ծառուկյանին մոտենալ փորձող կանանցից մեկին թիկնապահները կոպտորեն քաշքշել են:

Նախընտրական քարոզչությունը լավատեսությամբ է ամփոփում նաեւ «Հայկական վերածնունդ»-ը: Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ ապրիլի 2-ին ծանրակշիռ հաղթանակ են ունենալու: Ընտրողներին էլ կոչ է անում «ոչ» ասել ընտրակաշառքի համակարգին:

Իսկ Արամ Մանուկյանն ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ նախընտրական խոստումների մասին խոսելիս հայտնի հեքիաթն է հիշել՝ «Ով էնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, հարստությանս կեսը կտամ»: Կարծում է, որ ժողովուրդն ուզում է հավատալ երկնքից աստղեր իջեցնելու մասին խոստումներին:

Այսօր նախընտրական վերջին խոշոր հավաքն է անցկացրել նաեւ ՕՐՕ դաշինքը: Մինչ այդ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարել էր, թե մարզերից ահազանգեր են ստանում, որ իրավապահներն իրենց համակիրներին խոչընդոտում են Երեւան գալ՝ հանրահավաքի: Ոստիկանությունը հերքել է:

Իսկ հավաքի ընթացքում ունեցած ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենց առջեւ խնդիր են դրել վերականգնել իշխանության նկատմամբ հայ ժողովրդի հավատն ու վստահությունը: Վարդան Օսկանյանն էլ ապրիլի 2-ի ընտրությունների հետ կապում է Հայաստանի առաջիկա տարիների ժողովրդավարական ապագան:

Սեյրան Օհանյանն էլ խոսել է երկրում արդարություն վերականգնելու անհրաժեշտության մասին եւ վստահեցրել, որ իրենք էլ պատրաստ են ինքնամաքրվել ու ինքնակատարելագործվել: Ի դեպ՝ Օհանյանին սատարելու էր եկել կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Նա նաեւ հավաքից հետո մեկնարկած երթին է մասնակցել

Կոտայքի մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Նոր Հաճնի թիվ 4 դպրոցի մոտ Honda մակնիշի մեքենայում տղամարդու դի են գտել՝ հրազենային վնասվածքներով: Ըստ տեղեկությունների՝ մահացածը Նոր Հաճնի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն է: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Իրար են բախվել ՎԱԶ 21-06, ԳԱԶել եւ Opel մակնիշի ավտոմեքենաները: 4 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նրանցից մեկը՝ 1987 թվականին ծնված քաղաքացի, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Իսկ Երեւանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի մեղավորին հայտնաբերել են: Երեկ Արտաշիսյան փողոցում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 65-ամյա Սամվել Ասլամազյանին եւ անօգնական վիճակում թողնելով՝ փախուստի դիմել: Հիվանդանոցում տղամարդը մահացել է: Պարզվել է, որ Ասլամազյանին վրաերթի են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 42-ամյա վարորդին բերման են ենթարկել:

Դոլարը շարունակում է զիջել դիրքերը, նրան են միացել նաեւ եվրոն եւ ռուբլին: Արդյունքում մարտի 28-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 525, ռուբլունը՝ 8 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 607 դրամ:

Մարտի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ