Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում է, սակայն ռազմական տեսանկյունից ենթատեքստը փոփոխվել է։ Այս մասին մարտի 29-ին «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ երկու կողմից էլ կան դրությունը փոփոխող գործոններ։
Առաջին, նոր ռազմական գործողությունները անակընկալի չեն բերի, անսպասելի չեն լինի՝ ինչպես դա եղավ նախորդ տարվա ապրիլին։ Երկրորդ, Հայաստանի եւ Արցախի պաշտպանները այսօր ավելի լավ են զինված՝ սպառազինության նոր տեսակներով, եւ դա նշանակում է, որ նոր զինված բախումը կարող է առավել ծավալուն ու օրհասական լինել։ Նա հավելել է, որ Ադրբեջանի համար սպառազինության առավել ծանր տեսակները գործի դնելն ու քաղաքացիական հասարակության վրա հարձակվելը գայթակղություն է։
Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ 2016-ի ապրիլյան պատերազմը արցախյան հակամարտության գոտում ամենածանրակշիռ իրադարձություններ էր՝ 1994-ին զինադադարի պայմանագիր ստորագրելուց ի վեր։ Եվ դա Ադրբեջանի առաջին ռազմական հաջողությունն էր՝ 90-ականների սկզբից ի վեր։ Նա հավելել է, որ Ադրբեջանի սահմանափակ հաջողությունը խախտել է հայերի ռազմական անցնցվելիության մասին առասպելն ու ցույց տվել, որ Հայաստանում կոռուպցիան ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է։
«Բայց ես կցանկանայի երկու կարեւոր պնդում եւս ներկայացնել, որոնք վերաբերում են այն բանին, ինչ տեղի չունեցավ ապրիլյան պատերազմում։
Առաջինն այն է, թե ինչպես Հայաստանը վերաբերվեց այդ իրադարձություններին։ Նրա գործողությունները շատ սահմանափակ էին, Հայաստանն ամբողջությամբ չներգրավվեց ռազմական գործողություններում, գործի չեն դրվել շատ ռազմական համակարգեր, օրինակ՝ Իսկանդերները։
Երկրորդ, Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, ռազմական գործողությունները ինչ-որ պահի դադարեցնելու բանավոր համաձայնություն է, այլ ոչ թե իրական զինադադարի համաձայնագիր։ Այսինքն՝ դա անարդյունավետ համաձայնագիր է», - ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։
Հետեւաբար, ըստ նրա՝ ռազմական տեսանկյունից նոր զինված հակամարտության վտանգը բավականին բարձր է։ Մի կողմից Ադրբեջանի համար ապրիլյան պատերազմը շատ արդյունավետ միջոց էր ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղվելու համար։ Մյուս կողմից էլ Ադրբեջանը հիասթափված է ձեռք բերված արդյունքներից, եւ ռազմական գործողությունների վերսկսման գայթակղությունը շատ մեծ է։
Քաղաքագետը նաեւ ուշադրություն է հրավիրել եւս մեկ կարեւոր փաստի՝ ոչ ոք եւ ոչ մի կերպ չի փորձում կանխարգելել, խոչընդոտել հակառակորդի հնարավոր հարձակողական գործողությունները։ Սակայն պաշտոնապես պատերազմ հայտարարելու հավանականությունը Ռիչարդ Կիրակոսյանը բարձր չի համարում՝ չբացառելով հանկարծակի պատերազմի հավանականությունը՝ թյուրըմբռնման կամ սխալ հաշվարկների հետեւանքով։