News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացնում է Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը, որը գործադիրն ընդունեց այսօր` մարտի 30-ին: Ազատ գոտում աշխատելու ցանկություն արդեն իսկ հայտնել են շուրջ 20 ներդրողներ` Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից ու ԵՄ-ից։

Պարոն Կարայան, այսօր Հայաստանի կառավարությունն ընդունեց Սյունիքի մարզում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշումը։ Անկեղծ ասած, Սյունիքում նման գոտի ստեղծելու գաղափարը տարիներ շարունակ հնչեցվել է, սակայն չի իրականացվել։ Ի՞նչն է վստահությունը, որ այս անգամ կհաջողվի այն կյանքի կոչել։

Ինչո՞ւ հիմա։ Կարծում եմ, հիմա հասունացել է այն պահը, երբ նման ծրագրի իրականացումը կլինի առավել արդյունավետ։ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, ունենալով առեւտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ եւ ընդհանուր սահման Իրանի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային եւ գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: 

Ինչպե՞ս է բիզնեսն արձագանքել այս նախաձեռնությանը, կա՞ արդյոք հետաքրքրվածություն վերջինիս կողմից։ Ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԱՏԳ կազմակերպիչ ընկերությունը։

Նախորդ տարվա ավարտին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության կողմից կատարվել է բավականին բազմակողմ ու ծավալուն աշխատանք Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի ունենալու համար։  Մշակվել է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման ներդրումային ծրագիրը եւ եռալեզու շնորհանդեսը, որը ներկայացվել է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների մեր գործընկերներին, ինչպես պաշտոնական պատվիրակությունների  ու անձնական հանդիպումների, այնպես էլ դիվանագիտական կորպուսի միջոցով։  Նախարարությունում տեղի է ունեցել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական ներկայացում։ Ծրագիրը եւ դրա իրականացմամբ ընձեռվող հնարավորությունները լայնորեն լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից։ Հայաստանի կառավարությունը հրավիրել է շահագրգիռ ներդրողներին ազատ տնտեսական գոտու կազմակերպման և շահագործման համար։

Տարբեր երկրների գործընկերների հետ համագործակցության արդյունքում Ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով ընդգրկվելու ցանկություն են հայտնել արդեն շուրջ երկու տասնյակ ընկերություններ ՌԴ-ից, ԻԻՀ-ից, ՉԺՀ-ից և ԵՄ-ից։ Վերջինս եւս լրացուցիչ խթան հանդիսացավ ներդրումային ծրագրի շուրջ մասնավորի հետաքրքրությունն ավելացնելու և ծրագրի իրատեսական լինելը հիմնավորելու համար։

Իրականացված այս ծավալուն աշխատանքների արդյունքում հաջողվեց ներգրավել ներդրող, որի հետ պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով արդեն իսկ կստեղծվի ազատ տնտեսական գոտին։

Ինչո՞ւ  է ընտրվել հենց Սյունիքի մարզը եւ ի՞նչ տնտեսական իրադարձություն է սա բիզնեսի համար, ի՞նչ օգուտներ կունենա մեր երկիրը այդ Ազատ տնտեսական գոտու ստեղծումից։

Ինչպես արդեն նշել էի, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության շնորհիվ Հայաստանում արտադրված ապրանքի համար հասանելի են ԵՏՄ, ԵՄ, ԱՊՀ անդամ երկրների, Իրանի, Մերձավոր Արևելքի բավականին մեծ շուկաներ։ Սյունիքում ազատ տնտեսական գոտու առկայությունը կնպաստի արդյունավետ տրանսպորտալոգիստիկ և արդյունաբերական հաբի ստեղծմանը, որը բխում է Հայաստանի արտահանման ռազմավարությունից և Հայաստանի տարանցիկ հնարավորությունների ներուժն առավելապես արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունից։ Ազատ տնտեսական գոտին առավել արդյունավետ կգործի ԻԻՀ սահմանագծին՝ Սյունիքի մարզում, ինչը կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները և կնպաստի ՀՀ տարածքային զարգացմանը, այլ նաև կխթանի արտասահմանյան կապիտալի ներհոսքը Հայաստան, կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Պետք է հաշվի առնել նաև, որ ԵՏՄ շրջանակներում սահմանակից ազատ տնտեսական գոտիները ունեն մի փոքր ավելի լայն արտոնություններ՝ համեմատած սովորական ԱՏԳ-ի հետ, մասնավորապես, այստեղ ֆիզիկական անձանց համար գործում է այսպես կոչված «դյութի ֆրի» համակարգը: Կարևոր հանգամանք է նաև, որ այս գոտին սահմանակցում է Իրանի «՛Արաս»՛ ազատ տնտեսական գոտու հետ, և դրանց միջև արդյունավետ համագործակցության ձևավորումը կարող է ծրագիրը առավել շահավետ և հետաքրքրական լինել գործարար համայնքի համար։ Կարծում եմ, որ համակարգված աշխատանքի պարագայում կարող ենք այստեղ ձևավորել տնտեսական ակտիվության տարածաշրջանային կենտրոն։

Ե՞րբ կունենանք լիարժեք գործող ԱՏԳ Սյունիքում եւ ինչպիսի՞ն է այն լինելու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պատկերացմամբ։ 

Ազատ տնտեսական գոտին կստեղծվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում։ Ազատ տնտեսական գոտու ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա։ Ծրագրի իրականացումը ենթադրում է փուլային սկզբունք: Առաջին փուլում կկառուցվի ԱՏԳ հիմնական նշանակության շենք- շինություններ, մասնավորապես` արտադրական, գրասենյակային, պահեստային տարածքներ, բիզնես կենտրոն, հիմնական ենթակառուցվածներ՝ մաքսային, անվտանգության և առաջին բուժօգնության կետեր, ավտոկայանատեղի, ցանկապատ և այլն: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը՝ «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, սկզբնական փուլում կկատարի մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծի մինչև 80 միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ: Միայն այս տարի նախատեսվում է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որում ներառված չէ հողատարածքի արժեքը։ Արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները և հնարավոր կլինի մեկնարկել ԱՏԳ-ի գործունեությունը։

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, առևտրի կենտրոն, բնակելի շենքեր, սպորտային, առողջարանային կենտրոն՝ ԱՏԳ դարձնելով նաև զբոսաշրջային կենտրոն: Այս դեպքում միայն կազմակերպչի ներդրումները կհասնեն շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի:

Սյունիքում ազատ տնտեսական գոտին կընդգրկի թույլատրված ոլորտների բավականին լայն շրջանակ։ Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 շահագործողներ՝ հիմնականում օտարերկրյա, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն ԱՄՆ դոլար, կարտահանվի միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտադրանք  և  գործունեության տարիների ընթացքում կստեղծվեն 2500 և ավելի նոր աշխատատեղեր:

Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններ են Արևմտյան Եվրոպան (ապահովվում է դյուրինացված ելք ԵԱՏՄ, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, մասնավորապես Իրանի, Իրաքի և այլ շուկաներ), Իրանը և Մերձավոր Արևելքը (ապահովվում է դյուրինացված ելք ԵԱՏՄ, ԱՊՀ, Արևմտյան Եվրոպայի (GSP+) շուկաներ), ԵԱՏՄ երկրները (մասնավորապես Ռուսաստանի համար հեշտացվում է ելքը Իրանի, Իրաքի շուկաներ): Արդեն իսկ կա հետաքրքրություն վերոնշյալ երկրների մասնավոր ընկերությունների կողմից։

Ազատ տնտեսական գոտու  մեկնարկի առնչությամբ ավելացնեմ, որ ներկայումս գործող օրենսդրության համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելուց և կազմակերպչին հաստատելուց հետո, կազմակերպիչը կունենա մինչև մեկ տարի ժամանակ ազատ տնտեսական գոտին անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովելու համար։ Ամեն դեպքում, մենք ակնկալում ենք իրադարձությունների ավելի արագ զարգացում․ կարծում եմ, արդեն իսկ այս տարվա աշունը կնշանավորվի  ազատ տնտեսական գոտու մեկնարկով և շահագործողների առաջին հայտերի ընդունմամաբ։

Տպել
Ամենաշատ