News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով մահացու վիրավորում է ստացել 1993 թվականին ծնված Գոռ Գեւորգի Հովհաննիսյանը:

Նա Արցախի Կովսական քաղաքից էր, նրա ընտանիքը հիմա Մարտունիում է բնակվում: 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ է: Ընտանիքի ավագ զավակն էր, երկու կրտսեր եղբայր ունի, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է:

Նախընտրական քարոզարշավի ավարտին մի քանի ժամ է մնացել. ուղիղ կեսգիշերից Հայաստանում «լռության օր» կսկսվի: Քաղաքական ուժերը մարտի 5-ից ակտիվ քարոզարշավ անցկացրեցին՝ այցելելով Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներ եւ գյուղեր: Այս ընթացքում տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպություններ սոցիոլոգիական հարցումներ անցկացրեցին, որոնց արդյունքներում, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություններ չկան:

Այդ հարցումների համաձայն՝ այս ընտրություններում առաջատարն ու հիմնական մրցակիցները Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքն են, ընդ որում՝ տարածքային թեկնածուների աջակցությունն էլ հաշվի առնելով՝ Հանրապետականն 8-10%-ով կգերազանցի «Ծառուկյան» դաշինքին. այդ դեպքում Հանրապետականը կունենա մինչեւ 44%, «Ծառուկյան» դաշինքը՝ 36% ձայն:

Ընտրություններին մասնակցող մյուս ուժերից, ըստ հարցումների արդյունքների, 6-րդ գումարման Ազգային ժողովում հայտնվելու հնարավորություն ունեն «Ելք» դաշինքը եւ ՀՅԴ-ն:  «Ելք» դաշինքը կարող է մինչեւ 9% ձայն ստանալ, ՀՅԴ-ն՝ մինչեւ 7%: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցություններն ու դաշինքները, նախընտրական հարցումների համաձայն, չեն հաղթահարի, համապատասխանաբար, 5 եւ 7%-ի շեմը: Չնայած դրան՝ քարոզարշավի ավարտին քաղաքական բոլոր ուժերը վստահություն էին հայտնում, որ տեղ են ունենալու խորհրդարանում, ավելին, որ մեծամասնություն են կազմելու:

Վերջին օրերին քաղաքական ուժերն ամփոփում էին նախընտրական քարոզարշավը: Որոշները՝ մամուլի ասուլիսներով եւ համակիրների հետ հանդիպումներով, որոշներն էլ՝ հանրահավաքներով եւ երթով: Այսօր քարոզարշավն է ամփոփել նաեւ Հանրապետական կուսակցությունը: Մարզահամերգային համալիրում կայացած հավաքին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, որն այս անգամ ակտիվ քարոզարշավին չէր մասնակցում: Իր ելույթում Հանրապետական կուսակցության ղեկավարը հիշեցրել է իրենց կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», հիշեցնելով, որ անվտանգությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է: Իսկ քաղաքացիներին ուղղված Սերժ Սարգսյանի կոչն էր՝ ապրիլի 2-ին ընտրել իրենց նախընտրած քաղաքական ուժին:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներն այսօր կարճ էին: Իսկ հավաքն ուղեկցվել է համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ «Ռեինկարնացիա»-ն ու «Ձախ Հարութը»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներն այսօր հանդիպել են լրագրողների հետ, չնայած օրերս քարոզչությունն ամփոփել էին հանրահավաքով եւ երթով: Վարդան Օսկանյանն անդրադարձել է Արցախի հարցով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ դրա հասցեատերը երկրի իշխանություններն են:

Արթուր Բաղդասարյանը նույնպես նախընտրական քարոզչությունն ամփոփել է մամուլի ասուլիսով՝ վստահեցնելով, որ խորհրդարանում ներառված երրորդ քաղաքական ուժն իր գլխավորած «Հայկական վերածնունդ»-ն է լինելու:

Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին կհետեւի շուրջ 650 միջազգային եւ  ավելի քան 28 հազար տեղական դիտորդ: Ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար նաեւ ավելի քան 100 օտարերկրացի լրագրող է հավատարմագրվել: Ընտրություններին պատրաստվում են հետեւել նաեւ սփյուռքահայ հայտնի գործիչներ: Անցյալ տարվա սեպտեմբերին նրանք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունն են ստեղծել, որի անդամներից մի քանիսն արդեն Հայաստանում են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը դերասանուհի Արսինե Խանջյանը վստահություն է հայտնել, որ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, հակառակ դեպքում՝ չէին փորձի ընտրակաշառք բաժանել:

Սերժ Թանկյանն էլ ասել է, որ այս ընտրություններում իրենք անձնական շահ չունեն, պարզապես ցանկանում են ավելի ժողովրդավար Հայաստան տեսնել: Իսկ կուսակցական պատկանելության մասին հարցին Թանկյանը երգով է պատասխանել:

Հիշեցնենք, որ կեսգիշերից սկսած Հայաստանում արդեն «լռության օր» է՝ մինչեւ ապրիլի 2-ի ժամը 20:00-ն, երբ փակվեն հանրապետության բոլոր ընտրատեղամասերը: Այդ ընթացքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի քարոզչությունն արգելվում է: Իսկ ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, եւ 4 նախընտրական դաշինք՝ «Ծառուկյան», «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: Քվեարկությունը կմեկնարկի ապրիլի 2-ին ժամը 8:00-ին եւ կավարտվի 20:00-ին:

Հայկական «Տարոն-Ավիա» ընկերությունն ապրիլի 25-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր եւ չարտերային չվերթեր կիրականացնի: Առայժմ թռիչքներ կիրականացվեն միայն դեպի Ռուսաստան՝ երեք ուղղություններով. Ռոստով, Սամարա, Կրասնոդար: Ընկերությունը, սակայն, ծրագրում է կարճ ժամանակ անց չվերթներ իրականացնել նաեւ դեպի եվրոպական երկրներ: Ավիատոմսերի գները կսկսվեն 10.000 դրամից: Ի դեպ՝ «Տարոն»-ի առաջին օդանավը կկրի Մհեր Մկրտչյանի անունը: Առաջին չվերթը կիրականացվի ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի երթուղով:

«Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Այն նախանշված է մայիսի 9-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Արծվիկը կներկայանա Fly with me երգով, որի հոլովակը շուրջ 10 օրվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել: Միաժամանակ, եվրատեսիլյան բլոգում քվեարկություն են նախաձեռնել, եւ Արծվիկն այս պահին ոչ միայն լավագույն երգչուհին է, այլեւ գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը:

Դոլարն ու եվրոն մարտի 31-ին էժանացել են, ռուբլին կայուն է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 601 դրամ:

Ապրիլի 1-ին հանրապետության տարածքում կարճատեւ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ