Ժամը 14:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 865 հազար 884 քաղաքացի  կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը։

Երեւանում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,51 տոկոսը (283 453), Գյումրիում՝ 25,04 տոկոսը (31 305), Վանաձորում՝ 30,28 տոկոսը (29 115)։

2012 թվականի ընտրությունների համեմատ այս ժամի դրությամբ ընտրողների մասնակցությունը պակաս է 2 տոկոսով։

Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների ընդհանուր թիվը 2.587.706 է:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։