News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1 մլն 577 հազար 323 քաղաքացի կամ 60.93%-ը: Նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններում հաղթել է Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով 49.12% ձայն: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կստանա մանդատների 55.2 տոկոսը, ինչը բավարար է կայուն մեծամասնության համար եւ ՀՀԿ-ն առանց որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու կարող է կառավարություն ձեւավորել:

Ընդհանուր առմամբ՝ 6-րդ գումարման Ազգային ժողով է անցել 4 քաղաքական ուժ: Երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 27.32%-ով, երրորդը՝ «Ելք» դաշինքը՝ 7.77%-ով, չորրորդ տեղում ՀՅԴ-ն է՝ 6.57%-ով: Այսպիսով, Ազգային ժողովի 105 մանդատներից 58-ը բաժին կհասնի ՀՀԿ-ին, 31 մանդատ կունենա «Ծառուկյան» դաշինքը, 9 մանդատ՝ «Ելք» դաշինքը, 7 մանդատ՝ «ՀՅԴ»-ն: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եւս 4 մանդատ էլ կստանան Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Այս խորհրդարանում տեղ չի ունենա Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ը: Հիշեցնենք, որ Բաղդասարյանի «Օրինաց երկիր»-ը, որը վերակազմավորվել է «Հայկական վերածննդի», Ազգային ժողովում ներկայացված է եղել 1999 թվականից ի վեր: Նախորդ Ազգային ժողովից նոր խորհրդարանում տեղ չեն ունենա նաեւ ՀԱԿ-ը, որն այս ընտրարշավին մասնակցում էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմում, ինչպես նաեւ «Ժառանգությունը», որն էլ «ՕՐՕ» դաշինքի կազմում էր:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակությանն ամենաշատ ձայն բերած թեկնածուն Արարատի մարզում առաջադրված Արայիկ Գրիգորյանն է՝ 45.339 ձայն: Ձայների թվով նրան հաջորդում են Լոռու մարզում առաջադրված «Տաշիր գրուպ»-ի սեփականատերերից Կարեն Կարապետյանը՝ 44.255 քվե, երրորդ տեղում թիվ 3 ընտրական տարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանն է՝ 42.472 ձայն:

«Ծառուկյան» դաշինքի համար ամենաշատ ձայնը բերել է Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում առաջադրված Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը՝ 34.415 ձայն, թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Դավիթ Մանուկյանը երկրորդն է՝ 20.761 ձայն, երրորդ ամենաշատ ձայն բերած թեկնածուն Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում առաջադրված Վարդեւան Գրիգորյանը՝ 13.990 ձայնով:

Խորհրդարան անցած «Ելք» դաշինքին էլ ամենաշատ ձայնը բերել է թիվ 4 ընտրական տարածքում տարածքային թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ 11.513 քվե, երկրորդը Կոտայքի մարզն ընդգրկվող թիվ 10 ընտրական տարածքում տարածքային թեկնածու Սասուն Միքայելյանն է՝ 6.652 ձայն, երրորդը՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում առաջադրված Էդմոն Մարուքյանը՝ 6.123 ձայն:

ՀՅԴ-ի համար էլ ամենաշատ ձայներն ապահովել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում առաջադրված Սուրեն Մանուկյանը՝ 5.274 ձայն, Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տեղամասում տարածքային թեկնածու Իշխան Սաղաթելյանը 3.458 ձայնով երկրորդն է, Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրական տարածքում առաջադրված Տարոն Տոնոյանը ձայների թվով երրորդն է՝ 3.158 քվե:

«Ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա». նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականն է ընտրություններին: Նախագահը կարծում է, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունն ընթանում է  ճիշտ ճանապարհով:

«Ծառուկյան» դաշինքը բարձր է գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն եւ պարտավորեցնող: Դաշինքն իր լիազորությունների չափով հնարավոր ամեն ինչ անելու է՝ երկիրն առաջ տանելու եւ զարգացնելու համար:

«Ելք»-ի համար հաղթանակ կլիներ, եթե դաշինքը քաղաքական մեծամասնություն ձեւավորեր, բայց դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանն արձանագրված արդյունքը նույնպես մեծ հաջողություն է համարում: Նա նշել է, որ իրենք տեր են կանգնել իրենց տրված բոլոր ձայներին: Էդուարդ Շարմազանովն էլ «Ելք»-ի հաղթանակի առիթով ասել է, որ դաշինքն իր դրական լուման կներդնի Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ինչպես նաեւ միջազգային հարթակներում Հայաստանի պետական շահերի պահպանման գործում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ: Հիմա Տեր-Պետրոսյանը սպասում է, թե «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելք»-ն ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու արտագաղթն ու կարգավորելու գլխավոր խնդիրը՝ Ղարաբաղյան հակամարտությունը»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ընտրությունները ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն է որակել:

Ընտրություններում պարտված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի վիճարկելու քվեարկության արդյունքները եւ չի մասնակցելու հետընտրական հանրային որեւէ միջոցառման եւ հանրահավաքի: Այստեղ համոզված են, որ արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն ունեցան վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումն ընտրական գործընթացում:

Քվեարկության ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն 197 հաղորդում է ստացել: Դրանց հիման վրա 6 քրեական գործ է հարուցվել` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերով: Դրանցից 3-ն արձանագրվել է Երեւանում, 3-ը` մարզերում:

Նշենք, որ ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքին հետեւած միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել քվեարկության ընթացքը՝ նշելով, որ ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան: Միաժամանակ, նշվել է ընտրակաշառքի ու պետական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների վերաբերյալ տեղեկությունների մասին, որոնք արատավորել են քվեարկությունը:

Տեղական դիտորդական կազմակերպություններն էլ հայտարարել են բազմաթիվ խախտումների մասին՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 10 մարդ է զոհվել, շուրջ 4 տասնյակ տուժած կա: Սրանք Ռուսաստանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներն են: Միջադեպն արդեն ահաբեկչություն է որակվել: Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ նյութը պորտֆելով թողել են մետրոյի վագոններից մեկում, իսկ պայթյունը որոտացել է «Սեննայա հրապարակ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջեւ: Եվս մեկ պայթուցիկ էլ հայտնաբերել են «Ապստամբության հրապարակ» կայարանում. ռումբը վնասազերծվել է: Մետրոյի տեսահսկման խցիկները տեսագրել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին:

Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Շղարշիկ գյուղում այսօր 17-ամյա պատանի է ինքնասպան եղել: Համայնքապետը տեղեկացրեց, որ նրան պատշգամբում կախված են գտել ընտանիքի անդամները, հիվանդանոցի ճանապարհին տղան մահացել է:

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ աննշան նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 605 դրամ:

Ապրիլի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ