News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քաղաքական ուժերը շարունակում են ամփոփել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ու խոսել հետագա ծրագրերից: Արդեն խոսվում է հնարավոր կոալիցիայի մասին: ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, մասնավորապես, չի բացառում, որ իրենք կոալիցիա կկազմեն ՀՅԴ-ի հետ: Հարցը քննարկվելու է վաղը կայանալիք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում:

Իսկ Դաշնակցությունից, որտեղ դեռեւս նախընտրական շրջանում խոսում էին, որ այս ընտրություններն իշխանափոխության հնարավորություն են ընձեռում, կոալիցիայի մասին մեր թղթակցի հարցին չպատասխանեցին՝ նշելով, որ ՀՅԴ-ն հայտարարություն է տարածելու: Հայտարարության մեջ, սակայն, այդ մասին ոչինչ չի ասվում: Նոր Ազգային ժողովում Դաշնակցության դերակատարության ձեւաչափը, ըստ հայտարարության, կուսակցությունը քննարկելու է առաջիկա օրերին:

Փոխարենը հայտնի է, որ «Ելք» դաշինքը որեւէ դեպքում կոալիցիա չի կազմի Հանրապետական կուսակցության հետ: Ալեն Սիմոնյանն ասել է նաեւ, որ մյուս գործընկերներից դեռեւս նման առաջարկ չեն ստացել՝ նշելով, որ հազիվ թե իրենց օրակարգում կոալիցիայի հարց լինի:

Քաղաքական ուժերն արդեն քննարկում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության եւ քաղաքապետի թեկնածուների հարցը: ՀՀԿ-ն այս հարցը նույնպես քննարկելու է գործադիր մարմնի վաղվա նիստում: Սակայն Գագիկ Մինասյանն արդեն հավանական է համարում, որ Հանրապետականի թեկնածուն նորից Տարոն Մարգարյանը կլինի:

Մամուլում լուրեր են պտտվում, որ «Ծառուկյան» դաշինքից էլ քաղաքապետի թեկնածուն գործարար Խաչատուր Սուքիասյանն է լինելու: Սուքիասյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ իր օրակարգում նման հարց չկա:  

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Օրեր շարունակ շրջանառվում էր Նիկոլ Փաշինյանի անունը, սակայն Սիմոնյանն արդեն հերքել է այդ տեղեկությունը: Ի դեպ՝ «Ելք»-ի ցուցակով ավագանու ընտրություններին կմասնակցի նաեւ գործող ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Առաջարկել է «Ելք»-ին, այստեղ էլ սիրով համաձայնել են ու որոշել Բախշյանին ընդգրկել իրենց ընտրացուցակի առաջին տասնյակում: Խորհրդարանական ընտրություններին, հիշեցնենք, Անահիտ Բախշյանն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակում էր:

Երեւանի ավագանու ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին: Սակայն որեւէ կուսակցություն կամ դաշինք դեռեւս մասնակցության համար անհրաժեշտ փաստաթուղթ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջնաժամկետն ապրիլի 9-ն է:

«Արմենիա» բուժկենտրոնում ապրիլի 3-ին նորածին է մահացել: Երեխայի հայրը ոստիկանություն է դիմել եւ հայտարարել, որ հիվանդանոցի բժշկուհին սխալ բուժում է նշանակել, ինչի հետեւանքով էլ փոքրիկը մահացել է: Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, պնդում է, որ երեխան անհաս է ծնվել, շնչարգելություն, հեւոց, կապտություն է ունեցել: Ընտանիքը Լոռու մարզից է: Երեխայի մահվան նախնական պատճառը պարզ կլինի մի քանի օրից, երբ կստացվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Մերձմոսկվայի Ռազվիլկա ավանում «Մերսեդեսի» բեռնախցում սպանված հայտնաբերված երկու տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, կենցաղային վեճի զոհ են դարձել: Տեղեկությունը տարածել են ռուսական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրների՝ սպանությունից մի քանի ժամ առաջ մեքենայի տիրոջ դպրոցական տարիների ընկերուհին խնդրել է իրեն պաշտպանել ծանոթից: Սպանվածներից Հայաստանի 36-ամյա քաղաքացի Խորեն Մարգարյանն Աբխազիայից 39-ամյա Միքայել Լալայանի հետ գնացել է կնոջ տուն եւ սպասել կռվարարին: Սակայն վերջինը զինված է եկել: Նա գնդակահարել է Խորենին եւ Միքայելին, դիակները տեղավորել «Մերսեդեսի» բեռնախցի մեջ, ապա կնոջն իր տանելով՝ անհայտ ուղղությամբ փախուստի դիմել: Ոստիկանները որոնում են մարդասպանին ու կնոջը:

Պետերբուրգում իրականացված ահաբեկչությունից հետո Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է: Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի խոսքով՝ որոշումը կայացրել է Երեւանի ոստիկանությունը: Իրավապահները ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրում տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները: Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա հրապարակ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջեւ պայթյուն տեղի ունեցավ։ Եվս մեկ նախապատրաստվող պայթյուն՝ այս անգամ «Ապստամբության հրապարակ»-ում, հաջողվեց կանխել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 14 մարդ, 45 տուժողներ հիվանդանոցներում են։

Իրանի Խորասան-Ռեզավի նահանգում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումների էպիկենտրոնում 5 գյուղ է տեղակայված: Երկրի Սեյսմոլոգիական ազգային կենտրոնում չեն բացառում ստորգետնյա ցնցումների կրկնությունը: Երկրաշարժի հետեւանքով առնվազն 7 բնակավայրում ավերածություններ են եղել: Առայժմ հաղորդվում է երկու զոհի եւ մի քանի վիրավորի մասին: Աղետի գոտում փրկարարներ եւ բուժանձնակազմ է աշխատում:

Իսկ կեսգիշերն անց 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում: Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Ցնցումները 3 բալ ուժգնությամբ զգացվել են նաեւ Արցախի Ստեփանակերտ եւ Հադրութ քաղաքներում:

Ապրիլի 5-ին դոլարն ու եվրոն ամրապնդել են դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 65 լումա, ֆունտինը՝ 604 դրամ:

Ապրիլի 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ