Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 6-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ ԳՄ նիստում քննարկվել է մեկ հարց՝ մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին։ «ՀՀԿ ԳՄ-ն Սերժ Սարգսյանի առաջարկով միաձայն որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, ՀՀԿ Երեւանի կառույցի ղեկավար Տարոն Մարգարյանը»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ երկրորդ տեղում գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը։
«Վերջին տարիներին Երեւանում տեղի են ունեցել շատ լուրջ փոփոխություններ, եւ ՀՀԿ-ն՝ քաղաքապետի գլխավորությամբ, կշարունակի այդ բարեփոխումները»,- ասել է Շարմազանովը։
Ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ներկայացնելու է հարյուր հոգուց ավելի անուններով ցուցակ, որում կան նոր դեմքեր, բայց մեծ փոփոխություններ չեն արվել։ «Երեւանի հանրապետական թիմը ամբողջությամբ ընդգրկված է ցուցակում, եւ մենք գնում ենք շարունակականության ճանապարհով։ Պատրաստ են ներկայացնել ծրագրային դրույթներ եւ, իհարկե, իրականացված աշխատանք»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղարը։
Դիտարկմանը, թե շրջանառվում էր Գագիկ Բեգլարյանի անունը, որպես հնարավոր քաղաքապետի թեկնածուի, Շարմազանովը պատասխանել է, թե Գագիկ Բեգլարյանը մասնակցել է նիստին եւ կողմ է քվեարկել Տարոն Մարգարյանի թեկնածությանը։
Նիստում ԱԺ ընտրությունների հետ կապված որեւէ հարց չենք քննարկել։ «Քանի որ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները չի ամփոփել, կոռեկտ չենք համարում խոսել դրա մասին։ Միգուցե մյուս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն քննարկի քաղաքական իրավիճակի հարցերը»,- ասել է Շարմազանովը, իսկ հարցին, թե կոալիցիա կլինի, թե ոչ, ասաց, որ կքննարկեն, կտեսնեն. «Մի բան պարզ է, որ ՀՀԿ-ն իրավունք է ձեռքբերել ձեւավորելու կառավարություն»։




























