News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրությունների հիմնական մրցակիցներն արդեն հայտնի են: Նախօրեին ՀՀԿ-ն հայտարարեց, որ իրենց ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը

 Այսօր «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորելու մտադրության մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում, վերըտրված պատգամավորը դա արեց իրեն հատուկ ոճով` օգտագործելով քաղաքական քարոզչության նոր գործիքները` սելֆիսթիքին ամրացված հեռախոսով՝ ֆեյբուքյան ուղիղ եթերում:

Փաշինյանի թեկնածության հարցը, ըստ երեւույթին, վերջին պահին է որոշվել: Դեռ օրվա առաջին կեսին «Ելքը» հայտարարել էր, որ հնարավոր է՝ Զարուհի Փոստանջյանը լինի իրենց թեկնածուն, ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ Փոստանջյանը մերժել է այդ առաջարկը:

Ըստ էության, քաղաքապետի համար մրցապայքարը հիմնականում կծավալվի այս երկու թեկնածուների միջեւ: «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի կողմնորոշվել` կմասնակցի ընտրություններին, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, մրցապայքարի մեջ չի մտնի նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, Ազատ դեմոկրատներն էլ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին, իսկ ընտությունները տեղի կունենան մայիսի 14-ին:

«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ է եկել հայտարարությամբ: Ըստ դաշինքի` ապրիլի 2-ին կայացած ընտրություններն անցել են իշխանության կողմից զանգվածային իրավախախտումներով, այդ թվում սահմանադրության խախտմամբ ընտրությունների անցկացման օրը նշանակելը, ընտրակաշառքի բաժանումը, ընտրողների ահաբեկումը, զանգվածային վերագրանցումները, տեղամասերում տեսախցիկների միջոցով ինտերնետային հեռարձակման դադարեցումը, կրկնակի քվեարկությունը: Դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների օրինականությունը եւ բողոք է ներկայացնելու ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան: 

Կարեն Կարապետյանի թիրախում կրկին Արման Սահակյանն է: Վարչապետին բարկացրել են Պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած ցուցանիշները: Պարզվում է` պետական մասնակցությամբ առեւտրային 194 կազմակերպությունների շահութաբերությունը շատ ցածր է` 1,2 տոկոս: Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին հանձնարարել է ստուգել իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների շահութաբերությունը, անհույս ղեկավարներին հեռացնել, անհույս կազմակերպությունները սեփականաշնորհել, մնացածի շահութաբերությունը մեծացնելու առաջարկներ ներկայացնել: 

Սիրիայում վերջին օրերին իրավիճակը կտրուկ սրվել է: Այս գիշեր Միացյալ Նահանգները հրթիռային հարված է հասցրել Սիրիային: Հոմս նահանգում գտնվող կառավարական օդուժի ավիաբազայի վրա միանգամից 59 հրթիռ է արձակվել, ինչի հետեւանքով առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել: Դոնալդ Թրամփն ասուլիս է տվել, որում բացատրել է`ինքն է հրաման արձակել հարվածել  այն ավիաբազային, որտեղից, ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, մի քանի օր առաջ քիմիական զենք էր կիրառվել, ինչի հետեւանքով մոտ 80 մարդ էր մահացել Սիրիայի Իդլիբ նահանգում: Թեեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է իր առնչությունը ենթադրյալ քիմիական հարձակմանը, Վաշինգտոնում վստահ են, որ հենց նա է դրա նախաձեռնողը: Նշենք, որ սա աննախադեպ է, քանի որ մինչեւ հիմա ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերը Սիրիայում հարձակման թիրախ էին  դարձնում միայն Իսլամական պետության դիրքերը` ձեռք չտալով Ասադի զորքերին: Կարելի է ասել, որ սրանով  Սիրիայում ամերիկյան միջամտության նոր փուլ է սկսվում: Թրամփը, ըստ էության, անցավ այն սահմանը, որը չէր անցնում Բարաք Օբաման եւ սահմանափակվում էր միայն սիրիական ընդիմությանն աջակցելով: 

 Եվրոպական երկրները, Թուրքիան, Սաուդիան Արաբիան եւ Իսրայելը աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգներին, դատապարտել են միայն Ռուսաստանը եւ Իրանը: Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների շահերից են բխում եւ դադարեցրել է Սիրիայում ավիացիայի թռիչքների անվտանգության վերաբերյալ՝ ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի գործողությունը: Կրեմլը ընդգծել է, որ հրթիռային հարվածը բացասաբար կանդրադառնա Մոսկվայի եւ Վաշինգտոնի առանց այն էլ լարված հարաբերությունների վրա:

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վրա ալյուր են շաղ տվել։ Դեպքը տեղի է ունեցել Ստրասբուրգում: Նա մարդկանց բազմության միջով քայլում էր  դեպի բեմահարթակ,  երբ անհայտ անձը վազելով մոտեցել է նրան, եւ փաթեթի ալյուրը շաղ տվել վրան՝ նրան անվանելով «լոբբիստ»: Ֆիյոնին մոտենալու համար տղամարդը ձեւացրել է, թե նրա աջակիցներից է, հագել է վերնաշապիկ, որի վրա գրված է եղել՝ «Ուսանողները սատարում են Ֆիյոնին»: 

Մերձմոսկվայում մահացած  հայտնաբերված երկու հայերի սպանության մեջ կասկածվում է ՀՀ քաղաքացի։ 35-ամյա տղամարդու անունը չի հաղորդվում, նրան այսօր ձերբակալել են։ Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝  հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Հիշեցնենք, որ սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է, մյուսը` Աբխազիայի, նրանց հայտնաբերել էին ապրիլի 3-ին մեքենայի բեռնախցիկում:

Սուրբ Զատկի տոնից առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ձվի շուկան, ձվի պահանջարկի աճի հետ կապված հնարավոր գնաճը հայտնաբերելու եւ կանխելու նպատակով:  Շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի փոխարեն` հանձնաժողովի անդամները առաջիկա երեք օրերին շուկան ուսումնասիրելու են ամեն օր: Այս պահի դրությամբ հավկիթի գինը մարտի համեմատ չի փոխվել, փոխարենը Հայաստանում թանկացել է շաքարավազը: 1 տարվա ընթացում գինը բարձրացել է մոտ 15 տոկոսով, մինչդեռ միջազգային շուկայում նման դինամիկա չկա, ավելին՝ տարվա սկզբի համեմատ՝ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով: Այնուամենայնիվ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այս շուկան ուսումնասիրելու մտադրություն առայժմ չի ցուցաբերում:

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «Զվարթնոց» ժամանած բոլոր կանաց դիմավորել են ծաղիկներով:Սա ավանդական միջոցառում է, որը ամեն տարի կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը:

Ծաղիկներ են ստացել նաեւ Երեւանի կին վարորդները, անցորդները:

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է՝ կազմելով 485 դրամ, եվրոն, ռուբլին եւ ֆունտը էժանացել են՝ կազմելով համապատասխանաբար 516, 8.52, 603 դրամ։ 

 Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին սպասվում է անձրեւ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երեւանում երեկոյան ժամերի նույնպես սպասվում է անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ