News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Մշակույթի նախարարությունը ճիշտ շեշտադրումներ չի արել քարանձավների վարձակալության հարցում։ Նման կարծիք է հայտնել Արենիի քարանձավում պեղումների ղեկավար Բորիս Գասպարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Մագելանի քարանձավը», «Արջի քարանձավը», «Թռչնի քարայրը» («Արենի 1»), «Մոզրովի քարանձավը» եւ «Քարե դարպասներ» քարանձավը վարձակալության հանձնելու Մշակույթի նախարարության որոշումը։

«Ընդհանուր առմամբ որոշ հուշարձաններ հանձնելու նախաձեռնությանը վատ չեմ վերաբերվում եւ նույնիսկ գաղափարի հեղինակներից մեկն եմ։ Բայց Նախարարության նախաձեռնությունը դրա ներկայիս տեսքով իմ սրտով չէ», - նշել է Բորիս Գասպարյանը։

Հանրաճանաչ «Արենի 1» քարանձավը հայտնաբերվել է 2007-ին, Բորիս Գասպարյանի կողմից։ Հենց այստեղ է 2008-ին հայտնաբերվել աշխարհի հնագույն կոշիկը, որը 5500 տարեկան է։

«Ստացվում է, մենք գտանք քարանձավը, այսքան տարի պեղումներ իրականացրեցինք, եւ կգա ինչ-որ մեկն ու զրոյի կհավասարեցնի մեր ամբողջ աշխատանքը», - նշել է Բորիս Գասպարյանը։

Նրա խոսքով՝ Մշակույթի նախարարությունում ճիշտ շեշտադրում չեն արել։

«Այսինքն՝ շեշտը դրվում է հուշարձանի օգտագործման վրա։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է շարունակվի գիտական աշխատանքը, իսկ զբոսաշրջությունը կարող է ներառվել՝ որպես մի փոքր հատված», - ասել է Բորիս Գասպարյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ վարձակալության հանձնել, օրասենք, նախ «Մագելանի» քարանձավը, պարզել նախաձեռնության դրական ու բացասական կողմերը։

Հիշեցնենք, որ «Արենի 1» քարանձավը պահպանվում է պետության կողմից, հնագիտական աշխատանքները շարունակվում են։ Հնագիտական պեղումների ժամանակ քարանձավում հայտնաբերվել են պղնձե-քարե դարի իրեր։ Քարանձավի առաջին սրահում պահպանվել է կավե անոթների համալիրը։ Այստեղ հնում մարդիկ գինի էին ստանում եւ մթերքներ պահում։ Այնտեղ կան մեծ կուժեր, կարասներ, փոքր անոթներ, ավելի փոքր սրվակներ ստանալու համար նախատեսված անոթներ։ Այստեղ հայտնաբերվել է նաեւ խաղողի հնձան, իսկ դրա կողքին՝ խաղողի վազի եւ կորիզների մնացորդներ։ Մետաղե եւ քարե իրերի, գործվածքների պատառների, բույսերի սերմերի ուսումնասիրությունը թույլ է տալիս այն թվագրել մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի վերջին քառորդ եւ 4-րդ դարի առաջին կեսեր։ Սրահներից մեկում հայտնաբերվել են դեռահաս աղջիկների ծիսական թաղումներ, որոնք, հնարավոր է, արտացոլում են պտղաբերության պաշտամունքի հնամենի պատկերացումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ