News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Դաշնակցությունն արդեն կոալիցիայի շուրջ բանակցություններ է սկսել Հանրապետական կուսակցության հետ: Արմեն Ռուստամյանն ասում է՝ համագործակցության փորձ արդեն ունեն եւ գոհ են արդյունքից: Նաեւ կարծում է, որ այս ընտրությունները վերջ կդնեն քաղաքական այն ուժերի պոռոտախոսություններին, թե որեւէ դեպքում չեն համագործակցի իշխանությունների հետ:

Մինչ նոր կոալիցիայի ձեւավորումը, գործող Ազգային ժողովի այսօրվա նիստը նորից տապալվել է. քվորում չի ապահովվել: Այսօր էլ խորհրդարան էր ներկայացել ընդամենը 13 պատգամավոր: Ի դեպ՝ սա արդեն երկրորդ քառօրյան է, որը քվորում չլինելու պատճառով ձախողվում է:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել չվճարել նիստերին չներկայացող պատգամավորների աշխատավարձերը: Իսկ նիստը վարող Էդուարդ Շարմազանովն էլ շնորհակալություն է հայտնել բոլոր պատգամավորներին, որոնց հետ այսքան տարի միասին աշխատել են, եւ որոնք նոր Ազգային ժողովում մանդատ չեն ունենալու:

Մինչ այդ, քաղաքական երեք ուժեր պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին: «Ելք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը թեւերը քշտել ու ակտիվ պայքարի է պատրաստվում: Փաշինյանն այսօր գրառում է արել Facebook-ում. «Թեւերս քշտում եմ Երեւանի՝ բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը դառնալու համար: Սա կլինի իմ հարգանքի տուրքը Երեւանի պատմության բոլոր լավագույն քաղաքապետերին եւ մեծագույն Վարպետին՝ Ալեքսանդր Թամանյանին: Երեւան ջան, Ելք կա՛»:

Մայիսի 14-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն էլ Զարուհի Փոստանջյանն է:

Կարեն Կարապետյանը պահանջում է զարգացնել Գյումրու սելեկցիոն կայանն ու ընդլայնել դրա գործունեությունը: Այսօր վարչապետը գյուղնախարարությունում հանդիպման ընթացքում հանձնարարել է սեղմ ժամկետներում ծրագիր ներկայացնել: Առաջարկում է սելեկցիոն կայանի հիման վրա փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել, որը նորմալ կոմերցիոն կառույց կդառնա: Հանդիպման մասնակիցներին մեկն ասել է՝ ուզում ենք բիզնես ստեղծել գյուղացու համար: Վարչապետը տարակուսել է ու զայրացել. երիտասարդ են, բայց պոլիտբյուրոն է նստած նրանց մեջ: Վարչապետը նաեւ նոր առաջարկներ է պահանջում, երջանկության բաղադրատոմս, որը գյուղերին կօգնի զարգանալ՝ ըստ ունեցած հնարավորությունների: 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին. պատճառը Սիրիային Մոսկվայի ցուցաբերած աջակցությունն է: «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթում Թիլերսոնը հայտարարել է, որ Մոսկվան պետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի եւ ողջախոհ երկրների միջեւ՝ մի կողմից, եւ Իրանի, «Հըզբալլահ»-ի ու Բաշար Ասադի ռեժիմի միջեւ՝ մյուս կողմից: Նա նաեւ Ռուսաստանին կոչ է արել օգտագործել Դամասկոսի վրա ազդեցությունը, միայն այդ դեպքում, ըստ Թիլերսոնի, ԱՄՆ-ն պատրաստ կլինի համագործակցել Սիրիայի հակամարտության կարգավորման գործում եւ ֆինանսապես աջակցել երկրի կայունացման եւ վերականգնման աշխատանքներին: Ռեքս Թիլերսոնն այսօր արդեն Մոսկվա է մեկնել. այստեղ կառուցողական բանակցությունների հույս ունեն:

Իսկ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայում քիմիական զենքի հետ կապված սադրանք է նախապատրաստվում: Մոսկվան տեղեկություններ ունի Սիրիայի այլ շրջաններում կրկին ինչ-որ նյութ օգտագործելու եւ դրա կիրառման համար սիրիական իշխանություններին մեղադրելու մասին: Ռուսական կողմը նաեւ պարզաբանել է, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենքի պահեստներին հասանելիություն չունեն. 10 պահեստ ոչնչացվել է, իսկ երկուսը գտնվում են զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Երեւանի դպրոցներից մեկի բակում արտակարգ դեպք է տեղի ունեցել. երկու դպրոցականներ ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: Ըստ լուրերի՝ պատանիները 10-րդ եւ 11-րդ դասարանի աշակերտներ են: Տեղեկությունների համաձայն՝ տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի տրամադրած գրքերի գումարը չվճարելու համար: Ընկճված աշակերտն ընկերոջ հետ նույն օրն իսկ դպրոցի բակում ածելիով վնասել է ձեռքերը: Դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը, սակայն, հերքում է տեղեկությունները, թե երեխաների հետ գումարի մասին խոսակցություն է ունեցել:

Արագածոտնի մարզում սպանություն է տեղի ունեցել: Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ են հայտնաբերել: Իրավապահները դեպքի վայր են ժամանել եւ վագոն-տնակում գտել 52-ամյա Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 46-ամյա Արա Նազարյանը: Նա փախուստի դիմելիս վթարի է ենթարկվել: Նրա «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայում «Կալաշնիկով» տեսակի երկու ինքնաձիգ է հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեի տվյալներով՝ տղամարդիկ կենցաղային վեճ են ունեցել, որի ընթացքում էլ Նազարյանը հրազենային մահացու վիրավորում է հասցրել Մովսիսյանին:

Անհատ տաքսու վարորդները բողոքում են լիցենզավորման կարգի ու տուգանքների դեմ: Այսօր կառավարության շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել եւ տուգանքների ներում էին պահանջում: Տաքսու վարորդները հավասարություն են պահանջում նաեւ օնլայն աշխատող տաքսիների դաշտում՝ որպես օրինակ նշելով GG եւ Yandex տաքսի ծառայությունները, որոնք առանց լիցենզիայի են աշխատում: Տաքսու վարորդներից մի քանիսին ընդունել է տրանսպորտի եւ կապի նախարարը ու տեղեկացրել, որ քննարկումներ արդեն ընթանում են, դաշտը հավասարեցվելու է բոլորի համար: Վարորդները նաեւ ոլորտի այլ խնդիրների մասին են բարձրաձայնել: Հանպատրաստից հանդիպման ժամանակ դրանց պատասխանները ստանալ չեն կարողացել, եւ նախարարը նոր հանդիպում է նշանակել:

Դոլարի վերելքը շարունակվում է, նրան են միացել նաեւ եվրոն եւ ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն ապրիլի 11-ին կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 514, ռուբլունը՝ 8 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 603 դրամ:

Ապրիլի 12-ի գիշերը Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ ու ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ