Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը

Ըստ այդմ, ընտրությունների անցկացման համար Երեւանում ձեւավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:

Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները:

Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում այս պահի դրությամբ գրանցվել է միայն մեկ հասարակական կազմակերպություն՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ):

Նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին ներկայացրել է Երեւանում ընտրողների թվաքանակը, ըստ որի, փետրվարի 20-ի դրությամբ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող

Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացնելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: