News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականություն դարձավ «Համահայկական նվագախումբ» նախագիծը, որի նպատակը հայերի միասնականության ամրապնդումն է, մասնավորաբար, մշակութային դաշտում:

Նախագիծը կհամախմբի Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում ապրող ու ստեղծագործող՝ դասական երաժշտության ասպարեզում հաջողությունների հասած հայ պրոֆեսիոնալ երաժիշտներին:

Այս տարի նախագծին կմասնակցեն աշխարհի 20 այլ երկրների շուրջ 45 քաղաքներից 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ: Նվագախմբի մյուս 20 երաժիշտները կլինեն Հայաստանից:

Ապրիլի 24-ի համերգին կկատարվեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ի ցույց աշխարհի, որ հայերն ունեն ստեղծագործական հզոր ներուժ:

Համահայկական նվագախմբի հետ հանդես կգան համաշխարհային մեծ ճանաչում ունեցող հայ մենակատարներ՝ Հասմիկ Պապյանը, Հասմիկ Թորոսյանը եւ Լիպարիտ Ավետիսյանը, նաեւ կրտսեր սերնդի տաղանդաշատ երաժիշտներ Դիանա Ադամյանը եւ Դանիել Մելքոնյանը: Կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական (գեղ. ղեկավար եւ գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյան) եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի (գեղ. ղեկավար Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան) երգչախմբերը: Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան:

Որպես նախագծի մոտակա նպատակ նախանշվում է 2017թ-ի ապրիլի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգը, որով, բացի այն, որ կոգեկոչվի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը, այլեւ մեկ անգամ եւս կվերագնահատվեն ու կարժեվորվեն մեր պետության անկախությունը եւ ձեռքբերված մյուս հաղթանակները: Այնուհետ նախատեսվում են համերգներ աշխարհի հայաշատ գաղթօջախներում:

Համահայկական նվագախմբի տարբերանշանը փյունիկ թռչունն է՝ Հ-աձեւ պատկերմամբ: «Հ» տառը «Համահայկական» բառի խտացումն է, իսկ փյունիկ թռչունը խորհրդանշում է այն, որ նվագախմբի կազմավորումը  մեկ անգամ եւս ապացուցում է, որ դժվարագույն պատմական ուղի անցած ու իսպառ բնաջնջվելու փորձերն արհամարհած հայ ազգը ի զորու է կրկին վեր բարձրանալու եւ ճախրելու երկնքում, ինչպես հաղթական մի փյունիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ