News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Միկա» ակումբի փակման ու վերաբացման հնարավոր ծրագրերի մասին NEWS.am–ի թղթակից Վերա Մարտիրոսյանին պատմել է գործարար, Հայաստանի պաշտոնական ավիափոխադրող «Արմավիա» ընկերության, «Միկա» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։

Պարոն Բաղդասարով, անցած տարի «Միկա» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանում քիչ հաջողություններ չի ունեցել ու խաղացել է Եվրոգավաթներում, դադարեցրել է գործունեությունը: Ոչ մի կերպ չհաջողվե՞ց փրկել ակումբը։

Ընկերությունները, որոնք ֆինանսավորում էին ակումբը, սնանկացան, ֆինանսավորումն անհնար դարձավ։ Մենք շատ բան էինք փորձում անել, հստակ պատկերացում կար, բայց ցավոք, հիմա ամբողջ աշխարհում է ճգնաժամ, այդ թվում՝ Հայաստանում։ Աշխարհի շատ անվանի, տիտղոսակիր ակումբներ ձեռք են բերում արաբները, չինացիները։ Ցավոք, մեր շուկան նրանց հետաքրքիր չէ։ Հայաստանում 8 թիմ կար, մնացել են 6-ը։ Այդ ամենը երկրի տնտեսությունից է կախված։

Բայց չէ՞ որ եղել են ակումբը փրկելու տարբեր փորձեր։ Սկզբում «Միկան» միացել էր «Քվազար» ռուսական ակումբին, որը ղեկավարում էր ազգությամբ հայ, երիտասարդ Արտյոմ Խաչատուրովը։

«Քվազարը» կարծում էր, թե դա Ռուսաստանի երրորդ լիգան է։ Մենք արդեն այն ժամանակ ուզում էինք փակել ակումբը ու այլ տարբերակ էինք դիտարկում։ Նրանք բերել էին իրենց կադրերին, բայց մակարդակն ավելի ցածր էր, հիմնականում՝ սիրողական։ Ֆինանսավորումը հիմնականում մեզ վրա էր, ու արդյունքում ոչինչ չստացվեց։

Իսկ հետո թիմին միացավ Խորեն Հովհաննիսյանը, որն իր հերթին բերեց գործարար Արթուր Սողոմոնյանին:

Սողոմոնյանն ընդամենը երկու ամիս է «Միկայի» հետ եղել։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս նա ձեռք կբերի հայկական ակումբներից մեկը ու կիրագործի իր նպատակները։

Հիմա Հայաստանի ակումբային առաջնության համար լավագույն ժամանակները չեն։ Այն ժամանակ մենք չունեինք ֆուտբոլիստներ, որոնք արտասահմանում են խաղում: Հետո հայտնվեցին, բայց խաղում էին ոչ առաջնակարգ թիմերում։ Իսկ հիմա Մխիթարյանը, Ղազարյանն ու ուրիշներ խաղում են ուժեղ թիմերում։ Հիմա ճիշտ ժամանակն է պատրաստել ֆուտբոլիստներ ու ստեղծել այնպիսի առաջնություն, որ ֆուտբոլիստները կարողանան մեկնել խաղալու ԱՊՀ երկրներում ու Եվրոպայում։ Բայց, ցավոք, տնտեսական վիճակը թույլ չի տալիս անել այդ ամենը։

Եթե «Միկա»-ն անցած տարի նվաճեր Հայաստանի գավաթը, պետք է խաղար Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ Ակումբն այդ դեպքում չէ՞ր դադարեցնի իր գործունեությունը։

Այո, այդ դեպքում ստիպված կլիներ մնալ։ Բայց քանի որ չի հաղթել, ակումբը փակեցինք, արդեն մոտիվացիա չկար։ Իսկ եթե հաղթեինք, ապա պետք է մեկնեինք խաղալու Եվրոպական գավաթներում ու մի տարի էլ կտանջվեինք։ Հավանաբար լավ է, որ այսպես ստացվեց։

Ուզում եք ասել, ակումբի փակման միակ պատճառը ներդրողների բացակայությո՞ւնն էր:

Այո, իհարկե։ Ուրիշ որեւէ խնդիր չկար։

Այս տարի Հայաստանում երկու նոր ֆուտբոլային ակումբ է բացվում։ Որտեղի՞ց են ներդրողներ գտել:

Ակումբներ անընդհատ բացվում են, բայց առայժմ ոչ մեկը չի բացվել։ Մեզ մոտ սիրում են ասել՝ ահա մենք բացում ենք «Կիլիկիան», «Կոտայքը», բայց ոչինչ չեն անում։ Դա հայկական մտածողություն է ՝ առաջ վազելը։ Անցած ու նախանցած տարիներին նույնպես անընդհատ ասում էին, որ ակումբ են բացում։ Գուցե մի տարի հետո ամեն ինչ փոխվի, բայց այսօրվա դրությամբ իմ կարծիքով, դա անիրատեսական է։

Իսկ չե՞ք կարծում, որ խնդիրը միայն ֆինանսները չեն, այլ ճիշտ կառավարումը։ Գուցե մեզ պակասում են որակյալ մասնագետները։

Ես այդպես չեմ կարծում։ Մենք ամեն ինչ փորձել ենք։ Հրավիրել ենք խորվաթների, սլովակների, հունգարացիների, ռուսաստանցիների։ Բոլորը եկան, նայեցին։ Չեմ կարծում, թե մեզ մոտ սխալ էին կառավարում ակումբը։ Պետք է մրցակցություն լինի։ Պետք է լինեն ուժեղ թիմեր, որոնք կխաղան իրար հետ, ու կբարձրանա ֆուտբոլիստների վարպետությունը։ Իսկ երբ 6 թիմ են իրար հետ խաղում 4-ական շրջանով՝ ուժեղ մրցակցության մասին խոսք լինել չի կարող։ Հիմա Հայաստանում կան դաշտեր, մարզադաշտեր։ Պետք է միայն ստեղծել ֆուտբոլային պայմաններ ու դաստիարակել երիտասարդ ֆուտբոլիստների, վերցնել օտարերկացիների, որպեսզի նրանք մերոնց սովորեցնեն այն ամենն, ինչը իրենք գիտեն։ Եթե ակումբում օտարերկրացի է աշխատում, ապա նա պետք է երկու գլուխ բարձր լինի մեր ֆուտբոլիստից։ Բայց մյուս կողմից էլ կարելի է վերցնել նաեւ երիտասարդ ուժեղ լեգիոներների այն դիրքերի համար, որտեղ թիմը խնդիրներ ունի։

Բացի դրանից, ես աշուն- գարուն առաջնության ձեւաչափի կողմնակիցը չեմ։ Ձմռանը ցուրտ է, գարնանը նույնպես։ Լավ էր , երբ խաղում էին գարուն- աշուն ձեւաչափով։

Իտալիայում, Իսպանիայում մինչեւ 15-րդ տեղը զբաղեցնող բոլոր թիմերը ստանում են սուբսիդիաներ հեռուստահեռարձակումից։ Նույնիսկ հարեւան Վրաստանում թիմերին յուրաքանչյուր հավաքած միավորի համար փող են տալիս։ Առաջնությունում յուրաքանչյուր թիմին տալիս են 200 000, իսկ վերջին տեղը զբաղեցրած թիմը ստանում է 50 000 դոլար։ Ու դա միայն վերջին տեղի համար։ Իսկ առաջին տեղի համար՝ մոտ մեկ միլիոն։ Այսինքն պետությունը նույնքան ներդրում է անում, որքան ներդրողը։ Իսկ մեզ համար դա անհասանելի է։ Վրացիները ռեգբիի համար նման ծրագիր ունեին ։ Հիմա նրանք մեծ հաջողություններ ունեն ռեգբիում։ Երկրորդ տեղում ֆուտբոլն է։ Հաջողությունները դեռ այդքան մեծ չեն, բայց հնարավոր են։ Իսկ Հայաստանում ամեն ինչը սփյուռքի ու տեղի մարզական գործիչների էնտուզիազմի վրա է։ Բայց աճի համար համակարգում է պետք։ Սակայն Հայաստանը հիմա դրա ժամանակը չունի։

Այսինքն, քանի դեռ երկրի տնտեսական վիճակը չի բարելավվել, ոչ մի ծրագիր չի՞ կարողանա ֆուտբոլը դուրս բերել այս փոսից։

Եթե լինի ծրագիր ու հատկացվեն գումարներ, ապա հնարավոր է։ Բայց առայժմ նման ծրագրեր կարծես չեն եղել։ Օրինակ, Իսլանդիայում եղել է ֆուտբոլի զարգացման ծրագիր։ Արդյունքը տեսանք Եվրո 2016-ում։ Այնտեղ տարվա կեսը առհասարակ մութ է։ Սկանդինավյան երկրները նպատակ են դրել զարգացնել ֆուտբոլը, ու այն զարգանում է։ Մեր երկրում հենց տնտեսությունը ոտքի կանգնի, ֆուտբոլն էլ ոտքի կկանգնի։

Այստեղ երբ հավաքականն է խաղում՝ բոլորը ուրախ են, իսկ դրանից բացի ոչ մեկին դա հետաքրքիր չէ։ Ամոթ է, որ մենք անընդհատ հիշում ենք 1973-ը։ Հիշում ենք, որովհետեւ դրանից հետո ոչինչ չի եղել։

Ղազախներն ու ադրբեջանցիները նույնպես զարգացնում են իրենց ֆուտբոլը։ Նրանց ակումբները արդեն հայտնվում են Եվրոգավաթների խմբային փուլերում։

Այնտեղ գրեթե բոլորը լեգիոներներ են:

Հիմա լեգիոներներ են, հետո իրե՛նց ֆուտբոլիստներին կաճեցնեն։ Երբ ակումբը նման հաջողությունների է հասնում, արդեն ֆուտբոլը զանգվածային է դառնում։ Երեխաները սկսում են զբաղվել, ու ամեն ինչ առաջ է շարժվում։ Նրանք չունեն Հայաստանի նման ֆուտբոլային ավանդույթներ , բայց իսլանդացիներն էլ չունեին։ Ես հիշում եմ, խորհրդային ժամանակներում թուրքական թիմերը միշտ պարտություն էին կրում խորհրդային թիմերից, իսկ հիմա նայեք ինչ ֆուտբոլ են ցույց տալիս։ Ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է ստեղծել։

Բոլորի համար էլ դժվար է, բայց կան դրական օրինակներ։ Օրինակ «Շիրակը» , որը ամեն տարի հայտնվում է Եվրոգավաթներում ու այնտեղ փող վաստակում, բազմիցս հաջողությամբ վաճառել է իր ֆուտբոլիստներին։ Անցած տարի «Ալաշկերտը» կարողացել է գումար վաստակել Չեմպիոնների լիգայում։ Ուրեմն ակումբները ինչ -որ ձեւով կարողանում  են չէ՞ գոյատեւել:

Մենք նույնպես հաջողությամբ «Ռուսնեբորգին» վաճառեցինք մեր ֆուտբոլիստին, խաղում էինք Եվրոգավաթներում։ Այդ ամենն իհարկե լավ է, բայց դրանից բացի միեւնույն է գումարներ է պետք ներդնել։ Առավել եւս, որ վերջին տարին մենք չհայտնվեցինք Եվրոգավաթներում։ Իսկ «Ալաշկերտը» շատ հաջող ելույթ ունեցավ։ Մեր որոշ ֆուտբոլիստներ այնտեղ հաջող են խաղում։

«Միկա»-ն վերաբացելու ոչ մի մտադրություն չունե՞ք:

Ոչ։ Ես առհասարակ պատահաբար եմ հայտնվել ֆուտբոլում։ Երբ երեխա էի՝ խաղում էի, հետո պետք է  ընտրեի՝ ֆուտբոլ, թե ինստիտուտ։ Ես երկրորդը ընտրեցի։ Հետո այստեղ ինձ պարտադրեցին ֆուտբոլի մեջ մտնել, ես ակումբ բացեցի, հետո արդեն սկսեցի սիրել այդ գործը

Միշտ թվում էր, թե ֆուտբոլը Ձեր կիրքն է, դրա համար էլ ակումբ եք բացել:

Ֆուտբոլը միավորում է ազգը։ Երբ մենք Գերմանիայում խաղում էինք, հարեւան երկրներից հայերը եկել էին դիտելու։ Ուզում էի,  որ լիներ թիմ, որով հայերը կհպարտանան ։ Ցավոք, չստացվեց։ Շատ պաճառներ կային, ոչ միայն ֆինանսական։ Սարսափելի ոչինչ չկա ։ Մեզ կփոխարինեն ավելի ճկուն, առաջադեմ մարդիկ։ Ես չեմ պնդի, որ ես երբեք չեմ ունենա ֆուտբոլային ակումբ, բայց մոտ ժամանակներս չեմ ծրագրում։

Իսկ ինչպե՞ս է դասավորվելու «Միկա»-ի մարզադաշտի ու բազայի ճակատագիրը:

 Բազան վաղուց ենք տվել Պետեկամուտների կոմիտեին։ Նրանք այնտեղ մարզական կենտրոն են բացել ու հիմա ասում են, որ ուզում են վաճառել ինչ -որ ակումբի:

Եթե հետ նայեք, Դուք արմատական սխալներ ունեցե՞լ եք։ Որեւէ բան կփոխե՞իք

Սուպերարմատական սխալներ չեն եղել։ Բայց սխալներ եղել են՝ հատկապես վերջին տարում։ Մարդիկ, որոնք ղեկավարում էին թիմը, ու մարզիչների կազմը անպատրաստ էին։ Նրանք թիմին նվիրված չէին։ Թիմում պետք է լինի նվիրվածություն, չի կարելի եզրափակիչ խաղում լքել թիմն ու հեռանալ։

Ոչ միշտ է թիմի կառավարումը անհրաժեշտ մակարդակի վրա եղել։ Ոչ թե որովհետեւ մարդիկ չէին համապատասխանում, այլ պարզապես նրանք էլ էին այդ ժամանակ դեռ նոր սովորում։ Ակումբի նախագահները մեզ մոտ գրեթե բոլորը շատ լավն են եղել։

Ես շատ գոհ եմ, որ եղել է այդ ակումբը։ Ակումբի հետ կապված բազմաթիվ լավ  հիշողություններ ունեմ։ Մենք շատ ենք խաղացել Եվրոպայում։ Ես հասկացել եմ, թե ինչ բան է ֆուտբոլը, ճանաչել եմ ֆուտբոլը ներսից։ Մենք լավ երկրպագուներ ենք ունեցել։ Ֆուտբոլիստները, մերոնցից շատերը իրենց դեռ «միկայականներ» են համարում։ Ակումբը գործել է 16 տարի։ Գուցե հիմա նրա պակասը կա Հայաստանի առաջնությունում, բայց ուրեմն այդպես էր վիճակված։

Ձեր մարզիչներից ո՞ւմ հետ եք ավելի լավ աշխատել

Շատերի՝ խորվաթ մարզիչ Շուկեկի, ռուսաստանցի Գլադիլինի, սլովակ Բուբենկոյի,  Արմեն Ադամյանի, Ժոլտ Խորնյակի, Արամ Ոսկանյանի, Մարկարովի ու Անդրեասյանի՝ նույնպես։ Ոչ բոլորն են հասկանում Անդրեասյանին, բայց ես միշտ հասկացել եմ, թե նա ինչ է ուզում։ Նա երբեմն շատ էր լարվում, տաքանում։ Ու նաեւ Սուրեն Բարսեղյանը։ Նրանց համեմատել չի կարելի։ Մեկը եկել էր քանդված թիմ, մյուսը՝ պատրաստի։ Իսկ ֆուտբոլիստներից Ալեքսին կառանձնացնեի։ Նա ամենաշատ խաղերն է անցկացրել «Միկայում»։ Շատ նվիրված էր ակումբին։ Ավագները նույնպես լավն էին՝ Պետիկյանը, Շահգելդյանը։ Մենք ընկերական կոլեկտիվ ունեինք, միշտ նշում էինք տոները։

Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում

Բիզնեսով՝ Ռուսաստանում:

Հաճա՞խ եք լինում Հայաստանում

Ոչ, ամիսը կամ երկու ամիսը մեկ:

Ի՞նչ նախապատվություններ ունեք ֆուտբոլում:

Ինձ դուր է գալիս ներկայիս «Ռոստովը» ։ Սիրում եմ «Յուվենթուսը»՝ շատ կարգապահ թիմ է։ Մենք բոլորս պարտավոր ենք երկրպագել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց նրանք դեռ այն խաղը ցույց չեն տալիս։ Առայժմ դա թիմ է, որը խաղում է Իբրահիմովիչի շուրջ, գուցե, երբ նա հեռանա, ակումբն ավելի լավ կխաղա։ Չնայած նա հրաշալի ֆուտբոլիստ է։ Ռուսաստանում նաեւ «Սպարտակն» եմ հավանում։ Հայաստանում համակրում եմ «Ալաշկերտին» ու «Շիրակին»։ Ժամանակին, երբ «Բարսելոնա»-ի մարզիչը Գվարդիոլան էր, նրանց խաղն ինձ շատ էր դուր գալիս։

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ