News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Կոնգրես-ՀԺԿ»-ն վիճարկում է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. դաշինքն այսօր Սահմանադրական դատարան է դիմել: Սա նշանակում է, որ նոր գումարման Ազգային ժողովի լիազորություններն օրինական ուժի մեջ կմտնեն ոչ թե ապրիլի 27-ին, այլ մայիսին, ամենաուշը՝ 18-ին: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը նշել է, որ իրենց դիմումի հիմքում երեք հանգամանք կա՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք եւ քվեարկության ընթացքի վերահսկողություն: Սահմանադրական դատարանը պետք է առավելագույնը 15 օրվա ընթացքում քննի դիմումը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ Վարչական դատարան հայցադիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ: ՕՐՕ-ն ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել: Ուզում էին պարզել, արդյո՞ք կա մատնահետքերի համընկնում: Վարչական դատարանը մերժել է դաշինքի հայցադիմումը:

Իսկ երեկ երեկոյան համացանցում հրապարակված եւ մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունը հասել է իրավապահ մարմիններին: Խոսքը «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրության մասին է: Հավաքը վարողն աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները կպատժվեն՝ ընդհուպ աշխատանքից ազատում: Գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ձայնագրությունը:

Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողներին ասել է, որ տեղյակ չէ ձայնագրության մանրամասներից, բայց վստահեցրել է, որ այն կուսումնասիրվի: Դրանից հետո միայն, Բաղդասարյանի խոսքով, հնարավոր կլինի ասել, արդյո՞ք դա հիմք կհանդիսանա, որ Արտակ Սարգսյանը վայր դնի պատգամավորական մանդատը:

Մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Յուրի Խաչատուրովը: Որոշումը կայացվել է Բիշքեկում, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքի ժամանակ: Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ պարգեւատրվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության I աստիճանի նշանով:

Իսկ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկում հավաքվել են՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի: Հավաքին մասնակցել է նաեւ ԵՏՄ անդամ չհանդիսացող Մոլդովայի նախագահը: Այս երկիրն ընտրել է Եվրամիությանն ինտեգրվելու ուղին, սակայն ռուսամետ գործիչ Իգոր Դոդոնը նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց երկու ճակատով համագործակցություն կառուցելու մասին, ինչի համար արժանացավ երկրի ընդդիմության քննադատությանը: Մոլդովան նույնիսկ ԵՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու մասին դիմում է ներկայացրել: Կառույցում քննարկել են դիմումն ու հավանության արժանացրել:

Նիստի ընթացքում նշվել է, որ վերջնական փուլում են նաեւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման աշխատանքները: Երրորդ երկրների հետ ինտեգրացիոն միավորումը, Հայաստանի նախագահի համոզմամբ, կնպաստի ԵՏՄ-ի միջազգային դիրքերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը կարեւորում է հատկապես Իրանի հետ համագործակցությունը: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի մասին, որի պայմաններում էլ ձեւավորվում եւ զարգանում է եվրասիական ընդհանուր տնտեսական տարածքը: Բայց դա նպաստել է առավել սերտ համագործակցությանը:

Նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել հոկտեմբերին՝ Մոսկվայում: Առաջարկվել է նաեւ հերթական նիստում քննարկել ԵՏՄ ներքին շուկայում սահմանափակումներն ու խոչընդոտները:

Սեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նախօրեին Արծվանիստ գյուղի 46-ամյա բնակիչը նավակով Սեւանա լիճ է մտել եւ չի վերադարձել. լճում դատարկ նավակն են գտել:Այսօր առավոտյան քաղաքացու դին հայտնաբերել են:

Արծվանիստի գյուղապետը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ տղամարդը մտածված է նետվել նավակից: Նախկինում նույնպես նա ինքնասպանության փորձ արել է, սակայն հարազատներին հաջողվել է կանխել: Գյուղապետը պատմել է, որ տղամարդը մի քանի հիվանդություն ուներ: Նա երկու որդի ունի, որոնցից մեկը բանակում է ծառայում, մյուսը Ռուսաստանում է:

Սիսիանում էլ խորհրդավոր դեպք է տեղի ունեցել: 61-ամյա տղամարդու դի են հայտնաբերել՝ դեմքն ու պարանոցը հոշոտված: Մահացածի հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդուն գտել է խոզերի համար նախատեսված վանդակում՝ դեմքի ու պարանոցի հատվածը հոշոտված: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

Սոցիալական ցանցերում այս օրերին տարածվել է #KeepThePromise հեշթեգը: Հոլիվուդյան աստղերն ու այլ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնում Հայոց Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի տարածմանը: Ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմը մի քանի ամիս է՝ կինոյի ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային երկրպագուների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լը Բոնը, ինչպես նաեւ հայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է, իսկ պրոդյուսերներից մեկը՝ Քըրք Քըրքորյանը:

Լոս Անջելեսում կայացած պրեմիերային բազմաթիվ աստղեր են մասնակցել: Հայկական արմատներով աշխարհահռչակ երգչուհի Շերը հայտնել է, թե, իր կարծիքով, մեծ տերություններն ինչու չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը. «Մենք փոքր երկիր ենք: Հայաստանը դեպի ծով ելք չունի: Մենք նավթ չունենք: Մենք նրանց տալու ոչինչ չունենք: Չի կարելի մտածել, որ նրանք դա կանեն իրենց բարության շնորհիվ»:

Հոլիվուդյան դերասանուհի Նինա Դոբրեւն էլ պրեմիերայից առաջ հայտարարել է. «Խոստանում եմ պայքարել հանուն Ցեղասպանության ճանաչման եւ պահել խոստումը: Այս շատ կարեւոր ֆիլմը պատմում է միլիոնավոր մարդկանց կյանքերի կորստի մասին»:

Դոլարի ու եվրոյի վերելքը կանգ առավ: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 516, ռուբլունը՝ 8 դրամ 65 լումա, ֆունտինը՝ 608 դրամ:

Ապրիլի 15-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ