News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց զոհված Վահե Զաքարյանի մոր՝ Անժելա Զաքարյանի համար ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ցավը խորացել, վիշտը մեծացել ու կարոտն է ուժեղացել:

Վահեի մայրը՝ Տիկին Անժելան, NEWS.am-ի հետ զրույցում, պատմեց, որ Վահեն շատ հանգիստ բնավորություն ուներ, խելացի էր եւ լսող. «Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, երկար ժամանակ նրանք մենակ են Հայաստանում եղել, իմ երեք երեխաները: Մենք երկրից դուրս էինք, աշխատում էինք, լավ ընկեր էր, լավ եղբայր, լավ տղա: Ես մինչեւ հիմա ասում եմ, որ ապրում եմ Վահեով: Ես միշտ պատկերացնում եմ, որ կգա ինքը, չգիտեմ, երեւի կգա, անընդհատ էդ միտքն իմ մեջ է, որ Վահես գալու է: Ես չեմ ուզում մտածեմ, որ չկա ինքը, դժվար է, դաժան իրականությունից չես կարող փախչել…բայց ես սպասում եմ»,-ասում է Վահեի մայրը:

Վահե Զաքարյանը ծնվել է 1995թ-ի հոկտեմբերի 12-ին՝ Հրազդան քաղաքում, սովորել Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը: Ավարտելուց հետո ընդունվել է ՀՀ Ֆիզկուտուրայի ինստիտուտ եւ անմիջապես զորակոչվել բանակ՝ սկզբից  Արմավիրի ռազմաուսումնական գունդ, ապա 6 ամիս անց՝ Արցախ՝ Ջաբրաիլ:

Վահեն մարզիկ էր՝ կարատեիստ, փոքր տարիքից է հաճախել կարատեի, մասնակցել է մրցույթների  եւ հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս, նվաճել բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր: Նրա  երազանքներն էլ կապված էին սպորտի հետ:

Հայրը՝ Սամվել Զաքարյանը, պատմում է, որ Հայաստանի առաջնությունում զբաղեցնելով առաջին տեղ՝ ստացել է Սեւ գոտի Առաջին դան, իսկ աշխարհի առաջնությունից հետո ստացել է Սեւ գոտի Երկրորդ դան, որի մասին վկայող փաստաթուղթը, սակայն, չհասցրեց տեսնել. «Վահեի արածներն իր տարիքի հետ շատ տարբեր էր, նա իրենից մեծ երկու քույր ուներ, մենք  երկար ժամանակ երկրում չենք եղել, ու իրենք մենակ են եղել, առանց նրա թույլտվության քույրերը ոչինչ չէին անում: Ես վստահ էի, որ ինքն իրեն կարողանում է ճիշտ դրսեւորել, երեւի դա էլ իր սպորտային դաստիարակությունից էր գալիս: Էնպես ստացվեց, որ իմ գործերի հետ կապված պիտի ընտանիքով տեղափոխվեինք արտերկիր ու գնացինք: Երեւի մեկ տարի էլ չէր անցել, Վահեն եկավ, ասաց՝ պապ, քո հետ խոսալու բան ունեմ: Ասաց՝ ուզում է Հայաստան վերադառնալ, իրեն էստեղ պահող բան չկա: Ես նրանց լսեցի, չառարկեցի ու երեւի թե հենց հաջորդ օրն եկան Հայաստան ու վեց տարի մնացել են առանց մեզ: Ճիշտ է, հաճախակի էինք գալիս, բայց իրենք հիմնականում մենակ են մնացել»,-ասում է Վահեի հայրը:

Հոր խոսքով՝ Վահեն երբեք չի խուսափել ծառայությունից, հակառակը՝ պնդել է, որ դա իրեն պետք է: Նա Ջաբրաիլի տանկային վաշտի նշանառու օպերատոր էր: Ապրիլի երկուսին տագնապով բարձրացել էին դիրքեր: Առաջադրանք կատարելիս տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ են կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի կորուստներ: Իրենց տանկն էլ խոցվել  է անձնակազմի հետ միասին: Ծնողները հիշում են, որ որդին երբեք չի դժգոհել ծառայությունից, միակ բանը, ինչից դժգոհում էր, ծնողների հաճախակի այցերից էր. «Ասում էր՝ էդքան մի եկեք, էստեղ տղերք կան, ում ծնողները չեն կարողանում գալ, ես չեմ ուզում իրենց մոտ ինձ վատ զգալ: Մեր միակ մխիթարանքն այսօր այն է, որ Վահեին շատ լավ ենք պահել, ինքը պահանջկոտ չէր, բայց մենք փորձում էինք անել այն ամենը նրա համար, ինչը կարող էինք: Միայն դրանով ենք սփոփվում, ուրիշ ոչ մի բան չի կարող մեզ սփոփել»,- ասում են ծնողները:

Վահե Զաքարյանը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ նախագահների  կողմից «Արիության համար» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ԵՊՀ պատվիրակությանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ
Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր…
Հույս ունեմ՝ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Փաշինյան
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները...
Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին
Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը...
Քառօրյա առճակատումը ուղղորդիչ նշանակություն ունեցավ. Արցախի Պ նախարարը՝ նոր տեխնիկայի ձեռքբերման մասին
Ունենալով մինչեւ ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ...
Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք. Բակո Սահակյան
Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման...
Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը. ՀՅԴ-ական պատգամավոր
Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել…
Ամենաշատ