News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 51.2%-ը, հրապարակված տվյալների համաձայն, կողմ է քվեարկել նախագահ Էրդողանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, դեմ է հանդես եկել 48.8%-ը:

Երկրի ընդդիմությունն ու միջազգային կազմակերպությունները, սակայն, արդեն հայտարարել են ընտրությունների ընթացքում եւ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ խախտումների մասին: Ակտիվորեն քննարկվում է հատկապես Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սկանդալային որոշումը: Հանձնաժողովի որոշմամբ՝ փոփոխություններին կողմ քվեարկված, բայց չկնքված քվեաթերթիկները վավեր է ճանաչել: Ընդդիմությունը զայրացած է. «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չեն ընդունում նման արդյունքը:

Մեծ արձագանք են գտել նաեւ թուրքական Anadolu-ի հրապարակած տվյալները: Գործակալությունը 99.9% քվեաթերթիկների հաշվարկման եւ 51.2% կողմ ձայնի մասին հայտնել է, երբ հաշվարկված չի եղել թերթիկների անգամ 90%-ը: Հետաքրքիր է, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում, հաղթել են փոփոխությունների հակառակորդները:

Քվեարկության էր դրվել Թուրքիայի սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնակաները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվե, նախագահը կարող է չճանաչել ընտրությունների արդյունքներն ու նոր քվեարկություն նշանակել: Թուրքական ընդդիմությունն ու միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը միանձնյա կառավարելու իրավունք է ստանում:

Իսկ հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Էրդողանը հայտարարել է, որ իր հաջորդ քայլը լինելու է մահապատժի վերականգնումը: Եթե պատգամավորները չսատարեն նախաձեռնությունը, Թուրքիայի նախագահը պատրաստվում է օրինագիծ մշակել եւ այն հանրաքվեի դնել:

Պաշտոնական Փարիզը հայտարարել է, որ մահապատժի վերականգնումը կնշանակի եվրոպական արժեքներից հեռացում: Ժողովրդավարական արժեքներից ու Եվրոպայի չափանիշներից հեռանալու մասին են նշել նաեւ Ավստրիայում, իսկ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ուրախ է հանրաքվեի նախընտրական քարոզչության ավարտի կապակցությամբ: Զիգմար Գաբրիելի բնորոշմամբ՝ դաժան նախընտրական պայքար էր տարվում, այդ թվում՝ Գերմանիայում:

Բելգիայի արձագանքն ավելի կտրուկ է. Դաշնային խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներից մեկն առաջարկել է թուրքերին զրկել Բելգիայի հպատակությունից: Խորհրդարանականի խոսքով՝ թուրքերի կեսից ավելին քվեարկել է ավտորիտար համակարգի օգտին, եւ հարկավոր է վերջ դնել երկքաղաքացիությանը: Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել Բելգիայի թուրքերի 77.1%-ը:

ԵԱՀԿ-ն կարծում է, որ ընտրողներն օբյեկտիվ տեղեկություն չեն ստացել բարեփոխումների գլխավոր կողմերի մասին, իսկ քվեարկության ընթացքն անցել է կողմերի համար անհավասար պայմաններում եւ չի համապատասխանել Եվրախորհրդի չափանիշներին: Իսկ ՆԱՏՕ-ն որոշել է չեզոք դիրքորոշում որդեգրել՝ հայտարարելով, որ չեն ցանկանում մեկնաբանել Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեի արդյունքներն ու այն համարում են թուրք ժողովրդի ներքին գործը:

Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հանքաքարը պոկվել ու ընկել է աշխատողներից 41-ամյա Աղբալ Առաքելյանի վրա: Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ Ալավերդու հիվանդանոց, իսկ հետո՝ Երեւան: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Աղբալ Առաքելյանն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում որպես հորատանցող է աշխատում:

Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո մեքենան այրվել է: Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին: Մեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը՝ 25-ամյա Կարեն Առաքելյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Ապրիլի 16-ին քրիստոնյա աշխարհը նշեց Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Երուսաղեմում Քրիստոսի Հարության տաճարում իջեցվել է Բարեշնորհ կրակը: Համարվում է, որ եթե կրակը չի իջեցվում, դա վկայում է աշխարհի վերջի մասին: Հազարավոր մարդիկ են հավաքվել մատուռում՝ ականատես լինելու Զատկի հրաշքին: Երուսաղեմից մեր թղթակիցը հաղորդում է, որ կրակը հայտնվել է Տիրոջ գերեզմանի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ դրված է եղել Քրիստոսի մարմինը: Երուսաղեմի Թեոֆիլոս պատրիարքը կրակը փոխանցել է հավատացյալներին, որից էլ վառել են 33 մոմերի հանգույցները` Քրիստոսի տարիքին համապատասխան:

Դոլարը կրկին փոքր-ինչ թանկացել է: Ապրիլի 17-ին ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 519, ռուբլունը՝ 8 դրամ 71 լումա, ֆունտինը՝ 612 դրամ:

Ապրիլի 18-ի գիշերն առավելապես առանց տեղումների եղանակ կլինի, իսկ ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը երեկոյան ժամերին կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ