Տարվա կտրվածքով Հայաստանում կունենանք գործազրկության նվազեցում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:
Դիտարկմանը, թե կառավարությունը հպարտությամբ հայտարարում է արդեն 1800 աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն որքան է այդ ընթացքում կազմել փակված աշխատատեղերի թիվը, փոխնախարարը նշեց, որ այս պահին տվյալներ չունեն, թե որքան աշխատատեղ է փակվել, սակայն վստահություն հայտնեց, որ տարվա կտրվածքով տարբերությունը դրական կլինի:
«Տարվա կտրվածքով կունենանք գործազրկության նվազեցում, չի կարող այդ քանակի աշխատեղերի ստեղծումը չազդել գործազրկության նվազման վրա»,-ասաց նա:
Փոխնախարարը չգիտեր նաեւ, թե քանի ընկերություն է փակվել վերջին մեկ տարում կամ 6 ամսում: Նրա խոսքով, հարկային մարմինները հիմա մաքրում են իրենց հարկատուների ցանկը, որից հետո հնարավոր կլինի ավելի հստակ նշել, թե քանի ընկերություն է փակվել: