Պետական դավաճանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված՝ հետախուզության պետ, մայոր Գարիկ Մարությանի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Մարությանը չի կատարել իրեն մեղասգրվող արարքը:
Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, շուրջ 1 տարի դռնփակ քննելով գործը, Մարությանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 14 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:
Մարությանը կալանավորված է: