«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօրվանից ստացիոնար բուժում կստանա ՀԿԽԸ «Գրացիա» վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ում: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանից:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին ապրիլի 15-ին տեղափոխել էին ՀԿԽԸ «Գրացիա» վերականգնողական կենտրոն, սակայն, նա կրկին տեղափոխվել էր  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել էր նրան տեղափոխել համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժելու:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: