News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռազմական կրթությունը գտնվում է Հայաստանի ղեկավաության ուշադրության կենտրոնում՝ անկախ հանրապետություն ձեռք բերելուց ի վեր։ Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարության ազգային հետազոտական համալսարանի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը՝ «Ազգ-բանակ 2017» ֆորումի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետության ռազմական սպառնալիքների հավասարակշռության եւ դրա ռեսուրսների վերլուծությունը վկայում են այն մասին, որ պաշտպանության համակարգի հետագա զարգացման հիմքում պետք է դրվեն ինովացիոն կոնցեպտուալ գաղափարները, ինչպես նաեւ պետք է կիրառվեն համազգային պաշտպանության ժամանակակից միջոցները՝ Հայաստանի դաշնակիցների պաշտպանական անվտանգության զարգացմանն ու դրանց տեխնոլոգիական ձեռքբերումներին համահունչ։ Ռազմավարական տրամաչափի նման գաղափար է «Ազգ-բանակ» կոնցեպցիան, որի ներդրումը ենթադրում է հասարակության ու զինված ուժերի միջեւ նոր որակային մակարդակով ու խորությամբ փոխգործակցություն։

Տվյալ ենթատեքստում պետք է նշել մեր համալսարանում պաշտպանության նախարարի հանձնարարությամբ վերջերս իրականացված «Ազգ-բանակ» կոնցեպցիայի մոնոգրաֆիկ մշակումը՝ ավանդական հայ աշխարհազորայինի ֆենոմենի արդիականացմամբ՝ տեղեկատվական թվային տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից հեղափոխության պայմաններում։ Իհարկե, նման ինովացիոն փոխգործակցության արդյունավետ զարգացման համար առաջնային են անդադար ուսուցումներն ու ղեկավար կադրերի վերապատրաստումը, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։ Եւ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության անկախություն ձեռք բերելու օրվանից ի վեր նրա ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում գտնվում են ռազմական կրթության համակարգի ձեւավորումն ու զարգացումը։

Այդ քաղաքականության շրջանակներում պաշտպանության նախարարը՝ ներկա պահին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ԱՄՆ պաշտպանության ազգային ինստիտուտում անմիջական գիտական ստաժավորման միջոցով ծանոթանալ այդ գիտակրթական կենտրոնի գործունեության սկզբունքների հետ, որոնք ԱՄՆ բարձրագուն ռազմաքաղաքական ղեկավարությանը «սնուցում են» իրենց գիտական հետազոտությունների արդյունքներով եւ ապահովում ղեկավարության բարձրագույն օղակների միջգերատեսչական անվտանգ ուսուցում եւ Հայաստանում դրա քույր կազմակերպության ստեղծման նախագիծ մշակել՝ այդ մոդելը մեր պայմաններին հարմարեցնելու ճանապարհով։ Հենց նման բազմափուլ ծրագրի համապատասխանությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում հիմնվեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը։

Իր գործունեության ընթացքում Ինստիտուտը՝ հանդես գալով որպես ապագա Ազգային հետազոտական ռազմավարական համալսարանի հիմքը, քայլեր ձեռնարկեց որակավորված պրոֆեսիոնալ միջավայր ստեղծելու ուղությամբ, որն անհրաժեշտ է Հայաստանում պաշտպանական-անվտանգության հետազոտությունների իրականացման համար։ Այդ գիտական հաստատությունում իրականացված հետազոտությունները  կվերափոխվեն ղեկավար կադրերի համար անվտանգության կրթության ինովացիոն հիմքի, իսկ հետազոտական կազմն էլ կվերափոխվի պրոֆոսորադասախոսական անձնակազմի մտավորական կորիզի։

Այդ նպատակներով վերջին տարիներին ստեղծվել է ռազմավարական գիտելիքների մշակման, համակարգման ու հրապարակման գործիքներ՝ հետագայում այդ գիտելիքները Հետազոտական համալսարանում դասավանդելու համար՝ «Աշխատանքային տետրեր» ռազմավարական հետազոտությունների գիտակիրառական ամսագիրը, որում հրապարակվում են կոլեկտիվ աշխատությունները, տարածաշրջանային ու ֆունկցիոնալ հետազոտությունները, որոնք իրականացվում են ԱՌՀԻ-ի մասնագետների համակարգմամբ՝ առաջատար հայրենական ու արտասահմանյան փորձագետների ներառմամբ, Հայաստանի ՊՆ համակարգում առաջին ասպիրանտուրան, քաղաքական գիտությունների ոլորտում թեկնածուի ու դոկտորի գիտական աստիճանների տրամադրման հարցերով  հանրապետությունում առաջին մասնագիտակցված խորհուրդը։

Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտում ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի աջակցությամբ գիտական բաղադրիչի հետեւողական զարգացման համատեքստում ստեղծվել են ռազմավարական խաղերի ու կիբերանվտանգության խմբեր։ Ռազմավարական խաղերի ստեղծման գլխավոր նպատակներից մեկը վերլուծության նորարական մեթոդների կիրառումն է ՝ պաշտպանության համակարգում անցկացվող հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը բարձրացնելու համար՝ տարածաշրջանային անվտանգության մրրկային դինամիկայի կանխատեսումներում անորոշության բարձր մակարդակի պայմաններում։ Միաժամանակ, այդ խմբի ստեղծումը նպատակ ունի ապագա կրթական գործընթացում ներդնել ուսուցման նորարական մեթոդներ, մասնավորապես ռազմավարական խաղեր ու անվտանգության գործընթացների դժվար կանխատեսվող դինամիկայի սցենարային վերլուծություն։

Կիբերանվտանգության խմբի գործունեության կարեւորագույն արդյունքներից մեկն է Ազգային անվտանգության ռազմավարության թարմացման շրջանակում իրականացված Կիբերանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որը հաջող փորձարկում է անցել ԱՄՆ պաշտպանության ազգային համալարանի տեղեկատվական ռեսուրսների ու կիբերտարածքի կառավարման քոլեջում։

Ինչ վերաբերում է Համալսարանի գործունեության կրթական բաղկացուցիչին, ապա այստեղ իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ՝ միջգերատեսչական ու գերատեսչական ձեւաչափերում վերապատրաստման պիլոտային դասընթացների կազմակերպման համար։ Դրանց հիմքում ՊՆ-ի, ԶՈՒ Գլխավոր շտաբի ու մեզ հետ համագործակցող մյուս կազմակերպությունների մասնագետների իրականացրած պաշտպանության համակարգի բարեփոխման խնդիրների հետազոտությունների արդյունքներն են՝ հաշվի առնելով Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները՝ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կոնսուլտանտների մասնակցությամբ։ Հետագայում այդ դասընթացների բազայով ծրագրվում են նաեւ ՀՀ ռազմավարական առաջնորդների նոր սերնդի պաշտպանական – անվտանգության հարցերով նախապատրաստման մագիստրոսային ծրագրերի մշակում։

Մեր համալսարանում ռազմավարական պաշտպանական -անվտանգության հարցերով կրթության կազմակերպումով կապահովվի Հայաստանում իրականացվող ռազմական կրթության բարեփոխման ամբողջականությունը՝ այնպիսի համակարգի ստեղծումով, որը ներգրավում է մարտավարականից մինչեւ ռազմավարական բոլոր մակարդակները ու ապահովում այնպիսի կադրերի նախապատրաստում, որոնք ունակ են արդյունավետորեն դիմակայել անվտանգության ժամանակակից մարտահրավերներին»,-նշել է իր զեկույցում Քոթանջյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ